շաբաթ, հոկտեմբեր 31
31 / 10 / 2026
Մերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահ

Մերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահ

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը MagentaTV հեռուստաալիքի հարցազրույցում կոչ է արել երկրի հաջորդ նախագահի պաշտոնի համար դիտարկել կնոջ թեկնածությունը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության գոյության 77 տարիների ընթացքում այդ պաշտոնը երբեք կին չի զբաղեցրել։

«Յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարց տա՝ արդյոք վերջապես ժամանակը չի՞ եկել», — հայտարարել է Մերկելը։

Նրա խոսքով՝ ինքը ճանաչում է կանանց, որոնք կարող են կատարել պետության ղեկավարի պարտականությունները, սակայն կոնկրետ անուններ չի նշել։

Գերմանիայի Դաշնային ժողովը նոր նախագահ կընտրի հունվարի 30-ին։ Պետության գործող ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չի կարող հավակնել երրորդ անընդմեջ ժամկետի։ Գերմանիայի նախագահի լիազորությունները հիմնականում ներկայացուցչական բնույթ ունեն։

Հնարավոր թեկնածուների թվում քննարկվում են Բավարիայի լանդթագի նախագահ Իլզե Այգները, որին աջակցում է Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) առաջնորդ Մարկուս Զյոդերը, Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոկները, կրթության նախարար Կարին Պրինը և պաշտպանության նախկին նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը։ Վերջին երեք քաղաքական գործիչները ներկայացնում են Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ), որին անդամակցում է նաև Մերկելը։

Նախկին կանցլերը Շտայնմայերի իրավահաջորդի շուրջ բանավեճը «տարօրինակ» է անվանել և քննադատել թեկնածությունների քննարկման տհաճ ենթատեքստը։ Նա նաև անդրադարձել է ՔԴՄ քաղաքական ուղեգծին՝ ընդգծելով, որ կուսակցության ինքնությունը չպետք է սահմանափակվի տնտեսական քաղաքականությամբ։

«ՔԴՄ-ն միշտ ձգտել է կամուրջներ կառուցել հասարակության բոլոր շերտերի հետ, և դա կրկին պետք է առաջնային դառնա», — հայտարարել է Մերկելը։

  • Կիսվել: