կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստամբուլում արգելված է կացության կարգավիճակ տալ օտարերկրացիներին

Ստամբուլում արգելված է կացության կարգավիճակ տալ օտարերկրացիներին

Թուրքական իշխանություններն արգելել են արտասահմանցիներին կացության կարգավիճակ տալ Ստամբուլի բոլոր շրջաններում, տեղեկացնում է Milliyet-ը։

Հրապարակման համաձայն, Ստամբուլում, որտեղ ավելի քան 1 մլն 294 հազ․ օտարերկրյա քաղաքացի կա, կացության կարգավիճակի վկայականի հանձնումը կկատարվի միայն անհրաժեշտության դեպքում։

2022-ի հոկտեմբերից սկսած տեղական իշխանությունները Ստամբուլի որոշ շրջաններում և օտարերկրացիներին դուր եկած այլ քաղաքներում սկսեցին աստիճանաբար արգելել կացության կարգավիճակ տալը՝ ելնելով նրանից, որ այդ վայրերում օտարերկրացիների մասնաբաժինը գերազանցում էր 20%-ը։ Սկզբում որոշումն ընդունվել էր Ստամբուլի 10 շրջանի համար, սակայն ավելի ուշ այն տարածվեց քաղաքի բոլոր մյուս տարածքներում։ Բացառություն է արվում ուսման, բժշկական օգնություն ստանալու և միջազգային առևտրով զբաղվելու նպատակով եկածների համար։

Ոչ պաշտոնական տվյալներով, Թուրքիայում ներկայումս 7 մլն-ից ավելի օտարերկրացի է ապրում։ Թերթը պնդում է, որ Թուրքիայի ՆԳՆ-ն արդեն մարտին փաստորեն փակ է հայտարարել Ստամբուլի բոլոր շրջանները։ Սակայն ՆԳՆ-ից և միգրացիայի դեպարտամենտից այս թեմայով պաշտոնական հայտարարություններ չեն եղել։ Վերջին ժամանակվա ընթացքում փակ շրջանների ցուցակը նույնպես չի փոփոխվել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

  • Կիսվել: