ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստամբուլում արևմտահայերենի հանդեպ հետաքրքրությունն աճում է

Ստամբուլում արևմտահայերենի հանդեպ հետաքրքրությունն աճում է

Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ DHİBRA լեզվական իրավունքների մոնիտորինգի, փաստաթղթավորման և հաղորդման ցանցը «Հայերեն եմ սովորում, որովհետև...» խորագրով քննարկում էր կազմակերպել: Մասնակցում էին ինչպես Թուրքիայում հայերեն ուսուցանող մասնագետներ, այնպես էլ տարբեր պատճառներով առևմտահայերեն սովորող օտարազգիներ։ Ըստ UNESCO-ի տվյալների՝ արևմտահայերենը Թուրքիայի տարածքում օգտագործվող և վտանգված 15 լեզուների ցանկում է։ Վերջին տարիներին տարբեր պատճառներով արևմտահայերենի հանդեպ հետաքրքությունը Թուրքիայի բնակչության շրջանում աճել է։

Հրանտ Դինք հիմնադրամը արևմտահայերենի ուսուցման դասընթացներ սկսել է իրականացնել 2016 թ. հուլիսից։ Սկզում ամառային խտացված դասընթաց էր, որը ներառում էր նաև հայոց պատմության, մշակույթի, Պոլսի հայկական ժառանգության մասին դասընթացներ, դասախոսություններ։ Արևմտահայերենի նկատմամբ աճող հետաքրքրությունից և պահանջից ելնելով՝ Դինքի հիմնադրամը որոշում է դասընթացներն անցկացնել նաև տարվա մյուս ամիսներին։

Էրդալ Քըլըչն արևմտահայերենը որպես օտար լեզու սովորողներից մեկն է: Նա առաջին անգամ արևմտահայերենին ծանոթացել է Ստամբուլի հայկական Կենտրոնական վարժարանում՝ 2011 թ. փոխտնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո։ Թուրքիայի ուսումնական պլանի համաձայն՝ փոքրամասնությունների դպրոցների փոխտնօրեններին ընտրում է նախարարությունը։ Քըլըչը նշում է, որ շատ է տպավորվել դպրոցի կրթական մթնոլորտով։ Կենտրոնականի ուսուցչուհի տիկին Շողեր Չափարյանն Էրդալ Քըլըչի՝ հայերենի առաջին ուսուցիչուհին է։

Էրդալ Քըլըչ (պատմաբան) - Ես Էրդալն եմ։ Ստամբուլում եմ ապրում։ Զավակ ունեմ։ Անունը Քերեմ է։ Այս լեզուն շատ եմ սիրում որովհետև ինձ համար շատ կարևոր լեզու է, բայց շատ դժվար է, գիտեմ։

Էրդալը տիկին Շողերի դասավանդման մեթոդը ցանկանում է գրքային տարբերակով ներկայացնել արևմտահայերեն սովորել ցանկացողներին։ Նշում է, որ դա շնորհակալությունն է իր ուսուցչին, որ ցանկանում է իր փոքրիկ լուման ունենալ արևմտահայերենի պահպանման հարցում։ Գիրքը, որի ստեղծման աշխատանքը դեռ շարունակվում է, հասանելի է լինելու ինչպես թուրքերեն, այնպես էլ անգլերեն տարբերակներով։

Էրդալ Քըլըչ - Դասեր էինք անում շատ կարգապահ կերպով՝ շաբաթական չորս օր, օրական մեկ ժամից ոչ պակաս՝ ուսուցչանոցում։ Դպրոցի տնօրենը, մյուս ուսուցիչները, ինչպես նաև աշակերտներն ինձ խրախուսում էին, պատվով էին վերաբերվում լեզուն սովորելու փորձիս համար։ Հավատացեք՝ այս կարգապահությունը շարունակվեց չորս տարի։ Միշտ կոկիկ աշակերտ էի։ Որպես հայոց լեզվի աշակերտ էլ կոկիկ էի և դա արտացոլված էր տետրերում»։

Պատմաբանի մտերիմները, ընտանիքի անդամները լավ են վերաբերվել հայերեն սովորելու ցանկությանը։ Նշում է, որ վարժարանի հայ աշակերտներն ավելի խորթ վերաբերվեցին այս հանգամանքին, քանի որ սովոր չէին։ Ժամանակի ընթացքում աշակերտները սկսել են օգնել նրան հայերեն սովորելու ճանապարհին։

Բանասեր Դեիրմենջյանը զարմանքով է փաստում, որ կորոնավիրուսի պամաններում առցանց դասերի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, և դրանք ընթանում են բարեհաջող հունով։

Հրանտ Դինք հիմնադրամը սկսել է նաև խոսակցական արևմտահայերենի դասերը, որը հնարավորություն կտա մասնակիցներին խոսել հայերեն, ինչը ստամբուլյան առօրյա կյանքում շատ տարածված չէ։

  • Կիսվել: