կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Սպառողների շահերի պաշտպանության բարեփոխումներով՝ ՄՊՀ-ն կդառնա  վարչարարություն իրականացնող կենտրոնական մարմին

Սպառողների շահերի պաշտպանության բարեփոխումներով՝ ՄՊՀ-ն կդառնա վարչարարություն իրականացնող կենտրոնական մարմին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում այսօր հրավիրվել էր հանդիպում սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ՝ սպառողների շահերի պաշտպանության մեկնարկող բարեփոխումներին առնչվող հարցերը քննարկելու նպատակով:

Հանձնաժողովից հայտնում են, որ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը սկսում է սպառողների շահերի պաշտպանություն իրականացնել և ըստ նախատեսվող փոփոխությունների՝ դառնալու է Հայաստանում սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական մարմինը: Նա հավելել է, որ այժմ կառավարության գործընկերների հետ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակվում, որով մեր երկրում ՀԸԳՀ-ի /CEPA/ շրջանակում ներդրվելու են սպառողների շահերի պաշտպանության ԵՄ առաջատար ստանդարտներին համահունչ մեխանիզմներ:

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ ընտրվելու է սպառողների շահերի պաշտպանության դուալ մեխանիզմ, որի համաձայն ՄՊՀ-ն որպես կենտրոնական մարմին, իրականացնելու է վարչարարություն հանրային շահի առկայության դեպքերում, միաժամանակ ստեղծվելու են ընթացակարգեր սպառողների անհատական իրավունքների պաշտպանության համար:

Մասնավորապես՝ լինելու են ակրեդիտավորված ՀԿ-ներ, որոնք լիազորություն են ունենալու սպառողների անհատական և կոլեկտիվ շահերի պաշտպանություն իրականացնել:

Այս առումով ՄՊՀ նախագահը կարևորել է գործող ՀԿ-ների ակտիվ դերակատարումն ու համագործակցությունը՝ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում ՄՊՀ նախագահը պատասխանել է ՀԿ-ների կողմից բարձրացված հարցերին, պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա քայլերի շուրջ:

  • Կիսվել: