հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սպանության փորձ՝ Վեդիում․ պայթեցրել են քաղաքացու ավտոմեքենան (լուսանկարներ)

Սպանության փորձ՝ Վեդիում․ պայթեցրել են քաղաքացու ավտոմեքենան (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վեդի քաղաքի բնակչի դեմ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

Դեպքի վերաբերյալ վերջինս 2021թ. դեկտեմբերի 31-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Արարատի բաժին՝ տեղեկացնելով, որ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, Վեդի քաղաքի Կասյան փողոցում գտնվող շենքի բակում կայանված, իրեն պատկանող  «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայով մոտ 3-4 մետր հետընթաց կատարելուց հետո ավտոմեքենայի տակի հատվածից լսել է կասկածելի ձայներ, որից հետո արագ իջել է և տեսնելով, որ ավտոմեքենայի տակ մալուխ է կախված, անմիջապես մտել է շքամուտք, որից հետո լսել է ավտոմեքենայի պայթյունի ձայնը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է պայթյունի հետևանքով քաղաքացուն պատճառված նյութական վնասի չափը, վերջինս, ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև պայթյունատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



 

 

  • Կիսվել: