շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սնուփ Դոգգի համերգից ստացած շահույթից կառավարությունը ֆինանսական մասնաբաժին չի ունենալու․ շահույթը կգնա «Դոպինգ Սփեյս» ընկերությանը

Սնուփ Դոգգի համերգից ստացած շահույթից կառավարությունը ֆինանսական մասնաբաժին չի ունենալու․ շահույթը կգնա «Դոպինգ Սփեյս» ընկերությանը

Կառավարությունը հայտնի ռեփեր Սնուփ Դոգգի համերգից ստացված հասույթից որևէ եկամուտ չի ունենալու, ամբողջ հասույթը տնօրինելու է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը, բայց պարտավոր է պետբյուջե վճարումներ կատարել։

Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

««Հրազդան» մարզադաշտում կայանալիք Սնուփ-Դոգգի համերգից ստացած շահույթից ՀՀ կառավարությունը ֆինանսական մասնաբաժին չի ունենալու, սակայն «Դոպինգ Սփեյս» ընկերությունը պարտավոր է պետական բյուջե վճարել 24381․0 հազար դրամ, որը կուղղվի մշակույթի ոլորտի ֆինանսավորմանը»,- մեկնաբանել են նախարարությունից՝ միևնույն ժամանակ հստակեցնելով, որ ընկերությունը գումարը ստացել է որպես դրամաշնորհ համերգը կազմակերպելու համար։

ԿԳՄՍՆ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան նաև հայտնել են, որ ընկերությունը պետական բյուջե կվերադարձնի միջոցառման իրականացման արդյունքում տնտեսած գումարը, ինչպես նաև որպես սեփականություն, պետական մարմնին կհանձնի միջոցառման իրականացման համար գնված գույքը։

Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Դոպինգ Սփեյս» ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականի հուլիսի 4-ին։ Այս ընկերության 51 տոկոսը պատկանում է Մակար Պետրոսյանին, նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի՝ առավել հայտի ՄԱՊ-ի Ալիկի որդին է։ Պետությունից 6 մլն դոլարի դրամաշնորհ ստացած ընկերության 49 տոկոս բաժնեմասն էլ, ըստ պետռեգիստրի, պատկանում է Հայկ Սիմոնյանին։

Թեմայի հետ կապված փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև  «Դոպինգ Սփեյս» ընկերությունից։

Tert.am-ի գրավոր հարցերին խոստացել է պատասխանել Հայկ Սիմոնյանը։

Պատասխաններն ստանալուն պես, կներկայացնենք նաև նրանց մեկնաբանությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Կառավարությունն առանց մրցույթի 2,3 մլրդ դրամ՝շուրջ 6 մլն դոլար,  է փոխանցել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ հայտնի ռեփեր Սնուփ Դոգգի համերգը Երևանում կազմակերպելու համար։

  • Կիսվել: