Սննդի ու հիգիենիկ պարագաներով փաթեթներ՝ Շիրակի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին (լուսանկարներ)
Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ, Շիրակի մարզում սոցիալական նախաձեռնություններով են հանդես գալիս բարեգործական կազմակերպություններ, ընկերություններ ու անհատներ՝ սոցիալապես անապահով ընտանիքների կարիքները մեղմելու համար: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արաքսյա Կիրակոսյանը:
Նա նշել է, որ այդ ընտանիքներին արդեն հատկացվում են առաջնային անհրաժեշտության սննդի ու հիգիենիկ պարագաներով փաթեթներ:
«Մարզպետարանն աշխատել է ու հավաքել տվյալների բազա, ինչպես սոցծառայություններից, այնպես էլ մարզում գործող այն կազմակերպություններից, որոնք անմիջապես աշխատում են, զբաղվում սոցիալապես խոցելի խմբերի, բազմազավակ ընտանիքների կարիքները հոգալով: Հիմա արդեն բաշխման գործընթացը սկսված է, ու այդպիսի ընտանիքները բավական շատ են»,- ասել է Արաքսյա Կիրակոսյանը:


Գյումրիի դպրոցներից մեկն արտակարգ դրության պայմաններում սոցիալական օգնության պահեստավորման ժամանակավոր տարածք է ծառայում, որտեղ հավաքվում, տեսակավորվում և փաթեթավորվում է ամբողջ պարենը։
«Մեր աշխատանքը միտված է եղել հնարավորինս արագ և օբյեկտիվ գործիքներ մշակել թիրախ խմբերին օգնություն հասցնելու համար։ Արդեն իսկ համագործակցել ենք միջազգային և տեղի մի շարք բարեգործական կազմակերպությունների հետ։ Նրանց տրամադրած օգնությունը բաշխվելու է ինչպես հաշվի առնելով նրանց նախանշած թիրախ խմբերը, այնպես էլ մեր կողմից կազմված ցուցակները։
Օրինակ՝ IDEA և «Շառլ Ազնավուր» հիմնադրամները նախապատվությունը տվեցին Բարեկամության այգու բնակիչներին, ամերիկացի բարերարներից մեկը նախընտրեց օգնել «Թռչունյան» տան ընտանիք վերադարձած երեխաներին, պատգամավորական նախաձեռնություններ կային, որոնք օգնեցին բազմազավակ ընտանիքներին:
USAID-ի «Մի բան անենք» նախաձեռնության տրամադրած 1000 սննդային փաթեթների կեսը բաշխվել է «Պարենային շտապօգնություն» ծրագրի հետ համագործակցելով»,- ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Պարենային փաթեթեները միայն Գյումրիում ապրող սոցիալապես անապահով ընտանիքների համար չեն, օգնությունից բաժին կհասնի նաև գյուղերում ապրող խոցելի ընտանիքներին: 2000 պարենային փաթեթներ արդեն պատրաստ են, որոնք շուտով կհասնեն հասցեատերերին:
Նշենք, որ պահեստավորված սնունդը տեսակավորվում և փաթեթավորվում է ինչպես մարզպետարանի աշխատակիցների, այնպես էլ կամավորների կողմից:
«Դեռ արտակարգ դրության մեկնարկին հայտարարություն տարածեցինք և ստեղծեցինք կամավորների խմբեր, որոնք պատրաստ էին մարզում աջակցել մեզ տարբեր աշխատանքներ իրականացնելիս։ Հավաքագրվեց մոտ 200 կամավորի տվյալ։ Մի շարք կամավորներ ընդգրկված են այս սննդային բաշխումների գործընթացում, և մենք անչափ ուրախ ենք, որ մեր մարզում այսքան պատրաստակամ ու օգնության ձեռք մեկնող քաղաքացիներ ունենք»,- ասել է մարզպետի օգնական Էմմա Բաղդասարյանը։
Նշենք նաև, որ պարենային փաթեթները բոլոր ընտանիքների համար նույնն է, իսկ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։






