ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սխալ թիրախավորված և խնդիր չլուծող ծրագիրը ոչ ոքի չի երջանկացնում․ ԵՊՀ ուսխորհրդի նախագահը՝ ԿԳՄՍ նախարարի հայտարարության մասին

Սխալ թիրախավորված և խնդիր չլուծող ծրագիրը ոչ ոքի չի երջանկացնում․ ԵՊՀ ուսխորհրդի նախագահը՝ ԿԳՄՍ նախարարի հայտարարության մասին

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն իր էջում անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այսօրվա գրառմանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ քննարկվում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը: Այս կապակցությամբ ունեմ մի քանի ասելիք:

Նախ, ես ուրախ եմ, որ ԵՊՀ ՈւԽ-ի նախաձեռնությունը տեղ է հասել: Սա հերթական անգամ ապացուցում է, որ մենք՝ ուսանողներս, ունակ ենք արդունավետ ինքնակազմակերպվելու: Ուստի մեր կողմից դրված նվազագույն նպատակին հասել ենք. խնդիրը գործադիրի օրակարգում է:

Սակայն ոչ պակաս կարևոր է նաև աջակցության ձևը և բովանդակությունը: Եթե փորձեմ վերաձևակերպել սրա շուրջ մոտեցումները, ապա կասեմ հետևյալը.

1.Աջակցել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը

Հերթական թվով աջակցության ծրագիրը չպետք է մշակվի «ցույց տալու համար», այլ պետք է մշակվի կոնկրետ խնդիր լուծելու համար: Սխալ թիրախավորված և խնդիր չլուծող ծրագիրը ոչ ոքի չի երջանկացնում: Ավելին, անարդարությայն մթնոլորտ է ստեղծում: Աջակցությունը պետք է լինի առավելագույնս արդյունավետ և թիրախային: Այսինքն՝ աջակցել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:

2.Չկրկնել 14-րդ ծրագրի սխալները

Աջակցության ծրագիրը պետք է թիրախավորի ուսանողների սոցիալական խնդիրները, այլ ոչ թե նրանց առաջադիմությունը: Չի կարելի անտեսել հեռակա համակարգում սովորողներին, քանի որ նրանց հեռակա լինելու պատճառը հաճախ այն է, որ ստիպված են զուգահեռաբար աշխատել, ուստի համեմատաբար խոցելի են: Եվ այսպես շարունակ…

3.Քննարկել շահառուների հետ

 

Լավ ծրագիր կազմելը դժվար գործ է, եթե չկա շահառուների հետ քննարկում: Լավ որոշումներ չեն կարող կայացվել փակ և տեղեկատվական առումով «չօդափոխվող» սենյակներում: Սա դասագրքային կանոն է: Ուստի բոլոր շահառուների հետ համագործակցությունը միայն օգտակար է լինելու, այդ թվում՝ ուսանողների

Ես լիահույս եմ, որ որևէ ուսանող վարձավճարի պատճառով դուրս չի մնալու բուհից: Դա մեր պարտականությունն է՝ որպես հասարակություն և պետություն»:

  • Կիսվել: