հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սիմիդյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են Սևանա լճում կենսապաշարի հաշվառման և ուսումնասիրության հնարավոր տարբերակները

Սիմիդյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են Սևանա լճում կենսապաշարի հաշվառման և ուսումնասիրության հնարավոր տարբերակները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։

Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհավորել է Պետր Պիրունչիկին նշանակման կապակցությամբ և անդրադարձել հայ-չեխական միջկառավարական հարաբերություններին և մասնավորապես շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությանը՝ դրանք որակելով հարուստ օրակարգային և արդյունավետ։

Նախարարը հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կակտիվանա համագործակցությունը շրջակա միջավայրի ոլորտում։

Այդ համատեքստում նախարարն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության վերաբերյալ ստորագրված երեք հուշագրերին և ընթացիկ ծրագրերին։

Մասնավորապես քննարկվել են՝

Սևանա լճում կենսապաշարի հաշվառման և ուսումնասիրության հնարավոր տարբերակներ.

COP29-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու հնարավորություններ.

Անտառային հրդեհների դեմ պայքար.

Կոշտ կենցաղային թափոնների վերամշակման հնարավորություններ։

Դեսպանի հետ քննարկվել են յուրաքանչյուրի մասով իրականացված քայլերը, օրենսդրական բարեփոխումները և պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունն՝ առավել առարկայական աջակցության ակնկալիքով։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ, ԵՄ ֆինանսավորմամբ Չեխիայի Հանրապետության ու Ֆինլանդիայի Հանրապետության կոնսորցիումի կողմից իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» երկամյա թվինինգ ծրագիրը։ Թվինինգ Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ-ԵՄ համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորությունների իրականացմանը՝ կենսաբազմազանության պահպանության և հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարման ոլորտում՝ նախանշելով նոր օրենսդրական շրջանակ։

Կողմերը պայմանավորվել են գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ օր առաջ ավելի առողջ շրջակա միջավայր ունենալու համար։

  • Կիսվել: