երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Սիլիկոնյան հովտում հայ երիտասարդները կմասնակցեն Իլոն Մասկի և Yahoo-ի ստեղծողների դասախոսություններին

Սիլիկոնյան հովտում հայ երիտասարդները կմասնակցեն Իլոն Մասկի և Yahoo-ի ստեղծողների դասախոսություններին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ու Դրեյփեր համալսարանի նախագահ Ասրա Նադիմը ստորագրել են հայ ուսանողներին պետական կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ պայմանագիր:

Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ձեռներեցության դասընթացների մասնակցելու մրցույթ է անցկացվել, ինչի արդյունքում Դրեյփեր համալսարանը Հայաստանից ընդհանուր առմամբ 15 հոգու պետք է ընտրի՝ իրենց մոտ սովորելու համար:

Նա, մասնավորապես, նշեց. «3 նմանատիպ մրցույթ է անցկացվելու, մեկն արդեն կայացել է և ընտրվել է 8 հոգի: Սկզբում որոշված էր 5 հաղթող, հետո Դրեյփեր համալսարանի ժյուրին ընտրեց ևս 3 հոգու, քանի որ նրանց գաղափարները շատ էին հավանել: Մրցույթում հաղթած անձինք հնարավորություն կունենան ձեռներեցության դպրոցում դասընթացներ անցնել, իրենց գաղափարները ներկայացնել Սիլիկոնյան հովտի վենչուրային ֆոնդերին և այլ ձեռներեցների: Իլոն Մասկը, Yahoo ընկերության հիմնադիրները և այլ կազմակերպությունների հիմնադիրներ այնտեղ դասախոսություններ կունենան, կներկայացնեն իրենց հաջողության բանաձևը»:

Արշակյանը վստահեցրեց նաև, որ պայմաններում մի կետ կա, որ հաղթողները պետք է վերադառնան և իրենց սովորածը մարզերում դասավանդեն:

Նշենք, որ հաղթողների դասընթացները տևելու են մարտի 15-ից ապրիլի 18-ը: Սիլիկոնյան Հովտում սովորելու համար հաղթողներին դրամաշնորհ է տրամադրել  ՀՀ կառավարությունը: Դասընթացներից զատ՝ ևս 2 շաբաթ, համաձայն նոր կնքված պայմանագրի, մասնակիցները հնարավորություն կունենան մնալ Դրեյփերի համալսարանում: Այնտեղ նրանք կկարողանան շփվել և ներդրումներ գտնել իրենց նախագծերի համար:

  • Կիսվել: