երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շուրջ 2600 եզդի կանայք դեռ գերության մեջ են, ցեղասպանությունը շարունակվում է. Ռուստամ Բաքոյան

Շուրջ 2600 եզդի կանայք դեռ գերության մեջ են, ցեղասպանությունը շարունակվում է. Ռուստամ Բաքոյան

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանությունը դեռ շարունակվում է. 2600-ից ավելի եզդի կանայք դեռ գերության մեջ են:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Ցեղասպանությունը մինչև այսօր շարունակվում է: Շուրջ 2600-ից ավելի իմ քույրեր դեռ գտնվում են գերության մեջ, նրանց ճակատագրերն անհայտ է: Մեզ հաջողվել է մի մասին գումարով վերադարձնել, ցավոք, չի հաջողվել շատերին վերադարձնել: Մինչև այսօր հարյուր հազարավոր եզդիներ ապրում են ճամբարներում, գտնվում են ծայրահեղ վատ վիճակում՝ առողջապահական, կրթության խնդիրներ և այլն»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ միջազգային հանրության ուշադրության անհրաժեշտություն կա:

Բաքոյանը համոզված է, որ Հայաստանում Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու իր նախաձեռնությունն այս առումով ևս օգնելու է, որ 2014 թվականից շարունակվող ցեղասպանությունը կանգնի:

Նա շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, ՀՀ կառավարությանը՝ ի դեմս վարչապետին, օրենսդիր մարմնին՝ ի դեմս ԱԺ նախագահի, նաև ընդդիմադիր գործընկերներին, որոնք մասնակցել և կողմ են քվեարկել իր առաջարկած նախագծին:

  • Կիսվել: