շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. ՔՊ-ական պատգամավոր

ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. ՔՊ-ական պատգամավոր

Տավուշի մարզում ծավալվող գործընթացները ոչ թե սահմանային փոփոխություններ են ենթադրում, այլ՝ պետական սահմանի վերարտադրում և տեղորորշում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանը.

«Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից։
 
ՀՀ պետական սահմանի որոշման հիմք հանդիսացող միջազգային պայմանագրեր են համարվում 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրը և Մինսկի համաձայնագիրը։
 
Սահմանազատման հանձնաժողովների ապրիլի 19-ին ձեռք բերված երկկողմանի պայմանավորվածության համաձայն՝ սահմանի ճշգրտման աշխատանքները սկսվել են Տավուշի մարզի «առանձին հատվածներից»։ Համաձայնեցվելու է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի մնացած հատվածների սահմանազատման հերթականությունը ևս։
 
Տավուշում տեղադրվող սահմանային սյուները վերահաստատում են սահմանագծման և սահմանազատման իրավական անհրաժեշտությունը, վերարտադրում խաղաղության ամրագրման հրամայականը։
 
Ոստիկանության կողմից իրականացվող գործողություններն աներկբա պետք է իրականացվեն իրավաչափ, և կոչ եմ անում մեր քաղաքացիներին չտրվել տարատեսակ սադրանքների, դրսևորել ողջախոհությոն։
 
Սա միակողմանի զիջում չէ։ Սա տարածքների հանձնում չէ։
 
Գործընթացներն իրականացվում են երկու երկրների պետական սահմանի սահմանազատման, ՀՀ սահմանային անվտանգության հարցերի կարգավորման, սահմանային անվտանգային ռիսկերի նվազեցման և խաղաղության հաստատման նպատակով՝ որպես մարդու անբաժանելի իրավունք։
 
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին»։

  • Կիսվել: