ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՇՄ նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կատարած աշխատանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում

ՇՄ նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կատարած աշխատանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստին Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կատարած աշխատանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

Նախարարն ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող՝ երեխաների և դեռահասների շրջանում կլիմայի փոփոխության դիմակայությանն ուղղված ծրագրերի կարևորությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ աղքատության մեջ ապրող երեխաներն ու դեռահասներն առավել խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ։

«Շրջակա միջավայրի նախարարությունը կլիմայական քաղաքականություն մշակող լիազոր մարմին է, և ՅՈՒՆԻՍԵՖ-ին մենք այս առումով կարևոր գործընկեր ենք համարում։
Գաղտնիք չէ, որ կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի են համարվում երեխաները և մենք ցանկանում ենք էլ ավելի սրտացնել մեր համագործակցությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ այդ ազդեցության ռիսկերի մեղման նպատակով,-նշել է նախարարը,-մենք տեղյակ ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ն այժմ իրականացնում է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը, որը նպաստում է երեխաների և դեռահասների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչը չափազանգ գնահատելի է։

Երախաներն ու դեռահասները պետք է մեր սերնդից ավելի լավ պատարաստված լինեն ապագայի բնապահպանական մարտահրավերներին»։

Նախարարը գործընկերներին տեղեկացրել է, որ շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայումս մշակվում է «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

«Օրենքի նախագիծը նախատեսվում է տեղադրել e-draft հանրային քննարկման հարթակում առաջիկա 2 շաբաթների ընթացքում, ուստի հաշվի առնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հարուստ փորձը այս ոլորտում, ակնկալում ենք նաև ձեր կողմից առաջարկություններ օրենքի նախագծի վերաբերյալ։
Եվ առհասարակ, շատ կցանկանայինք ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության նոր ծրագրեր մեկնարկել և հարստացնել համագործակցության օրակարգը»,-նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանական խնդիրների շուրջ իրազեկվածության բարձրացման վերաբերյալ կրթական, էկոկրթական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Նախարարը անդրադարձել է նաև նախարարության կողմից բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում դպրոցահասակ երեխաների շրջանում իրականացվող էկոկրթական միջոցառումներին։

Հանդիպման ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորել է հասարակության շրջանում կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ռիսկերի վերաբերյալ առկա տեղեկատվությունն ու դրա հասանելիությունն, առհասարակ, և պատրաստակամություն հայտնել այս խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ։

«Շրջակա միջավայրի նախարարության և անձամբ իմ անունից վերահստատում եմ համագործակցելու պատրաստակամությունը ոչ միայն կլիմայական, այլև ընդհանուր բնապահպանական հիմնախնդիրների շուրջ հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու, էկոկրթական ծրագրեր կյանքի կոչելու նպատակով։

Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստ է ջանքեր ներդնել ու իր գործընկեր նախարարությունների՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ կյանքի կոչել ծրագրեր, որոնք կնպաստեն երեխաներին, դեռահասներին, ինչու ոչ, ամբողջ հասարակությանը բնապահպանական խնդիրների և մարտահրավերների նկատմամբ ավելի իրազեկ ու դիմակայելու պատրաստ դարձնելու գործընթացներում»,-նշել է նախարարը։

  • Կիսվել: