Շիրակի մարզում կորոնավիրուսով 13 հիվանդ կա. վարակվածներից մեկը բժիշկ է. մարզպետ
Շիրակի մարզում կորոնավիրուսով 13 հիվանդ կա, որոնցից մեկը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
«Մի բժիշկ ունենք վարակված, դեպքը երեկ է հաստատվել։ Ճիշտ է, նա չի աշխատել հիվանդանոցի տուբերկուլյոզային բլոկում, որտեղ բուժում են ստանում վարակակիրները, բայց, մեծ հավանականությամբ, շփում է ունեցել այնպիսի մարդու հետ, որը մինչև թեստավորում անցնելը բուժօգնության կարիք է ունեցել: Հիմա մեկուսացվել է նրանց շփման շրջանակը»,- նշեց նա:
Մարզպետն ասաց նաև, որ հիվանդացության դեպքերն արձանագրվել են Գյումրի ու Անի համայնքներում։ Այս ընթացքում էլ գրանցվել է մահվան մեկ դեպք՝ խոսքը Մարալիկի բնակչի մասին է, մի հիվանդ էլ արդեն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Մոտակա օրերին սպասվում է, որ դուրս գրվողների թիվը կավելանա։ Մեկուսացվածների հստակ թիվ, ըստ մարզպետի, չկա, քանի որ այն պարբերաբար փոփոխվում է։
Պետրոսյանը նշեց. «Վարակակիրների շփման շրջանակի բացահայտման գործողություններ են իրականացվում։ Այս փուլում շատ կարևոր է օջախների տեղայնացումը, ամբողջ խնդիրը ռիսկի շղթան նվազեցնելն է»:



