երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Շիրակցի ֆերմերներն ու գյուղացիները այսօր փակել են Գյումրի-Երևան մայրուղին

Շիրակցի ֆերմերներն ու գյուղացիները այսօր փակել են Գյումրի-Երևան մայրուղին

Շիրակի մարզում այսօր շուրջ մեկ ժամ փակ է մնացել Գյումրի-Երևան ճանապարհը: Բողոքի ակցիա են իրականացրել ֆերմերներն ու գյուղատնտեսները: Նրանք բողոքել են, որ ազոտական պարարտանյութը 3 անգամ թանկացել է և խնդիրների առաջ են կանգնել, ակնկալում են աջակցություն պետությունից:

Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կառավարություն ներկայացրած նախագծով, որն արդեն հաստատվել է, որոշել է աջակցել փոքր ֆերմերներին: Մինչև 3 հա տարածքում մշակություն իրականացնող տնտեսություններին սուբսիդավորել պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 9 հազար դրամը:

«Մարդկանց կդրդեն, որ կեղծիքի գնան, այսինքն՝ ով չի մշակե իրա հողը, թղթերը վերցնենք, տանինք ու սուբսիդավորումից օգտվինք էդ մարդու անունով: Ով 3 հա-ից ավել ունի, օրինակ՝ ես 80 հա-ից ավել ունիմ, հմի ի՞նչ էնեմ, որտեղի՞ց առնիմ ես էդ սելիտրան»,- ասաց ֆերմերը:

Էկոնոմիկայի նախարարությունը 3 հա-ի սահմանափակումը դրել է, քանի որ ավելի խոշոր հողօգտագործողներն իրենց արտադրողականության հաշվին արդեն նվազեցնում են պարարտանյութի գնի ազդեցությունը, իսկ փոքրերն ունեն աջակցության կարիք:

Գյուղատնտեսների և ֆերմերների խոսքով՝ աշխարհում պարենի խնդիր կա, և իրենց համար նման խնդիրներ են ստեղծվում: «0 տոկոսը հանեցին (նկատի ունի անտոկոս գյուղատնտեսական վարկի տրամադրումը), սարքեցին 5 տոկոս, սերմացու չի սուբսիդավորվե, պարարտանյութն էլ էին խոսք տվել: Մենք իրանց մի քանի օր ժամանակ ենք տվել»,- տեղեկացրեցին շիրակցի ֆերմերները:

 

 

 

  • Կիսվել: