կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Շինարարությամբ զբաղվող ցանկացած ընկերություն, հատկապես՝ Գազպրոմն ու Վեոլիա ջուրը,  պարտավոր են հետևել անվտանգության կանոններին. Արշակյան (տեսանյութ)

Շինարարությամբ զբաղվող ցանկացած ընկերություն, հատկապես՝ Գազպրոմն ու Վեոլիա ջուրը, պարտավոր են հետևել անվտանգության կանոններին. Արշակյան (տեսանյութ)

Մի քիչ խոսենք ստանդարտների, վերահսկողության, տարրական գիտելիքների ու շինարարական մշակույթի մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ շինարարություն է իրականացնում Դավթաշեն թաղամասում, որն ինքնին ողջունելի է, հաշվի առնելով, որ ենթակառուցվածքներում իրականացվում են կապիտալ ներդրումներ։

Այնուամենայնիվ կարևոր եմ համարում որոշ հարցերի բարձրաձայնումը։
Կից ներկայացված տեսանյութում շինհրապարակն է, որը զբաղեցնում է ճանապարհի երթևեկելի գոտու առաջին գիծն ամբողջությամբ։

Այժմ, մի քանի կարևոր փաստի վրա ուշադրություն դարձնենք․

1. Հետիոտնի անցումը տախտակից է, չի համապատասխանում որևէ ստանդարտի։ Անցումից անկումը կարող է մարդու առողջության համար թանկ նստել՝ հաշվի առնելով, որ փորված փոսի խորությունը հասնում է շուրջ երեք մետրի։

2. Շինարարական գոտին պատշաճ արգելապատնեշներ չունի, ասֆալտին տնկված երկաթե ձողերի վրա փաթաթված են ժապավեններ, որոնց վնասվելու և տեսանելի չլինելու դեքպում մեքենաները կարող են ընկնել փորված փոսը, էլ չասած, որ շինարարությունն ուղղահայաց կտրում է հետիոտնի անցումը և նույն վիճակում կարող է հայտնվել նաև հետիոտնը։

3. Երթևեկության համար որևէ նշան առկա չէ։ Տպավորություն է, որ բակերից դուրս գալիս, և առհասարակ, վարորդները պիտի ինքնակողմնորոշվեն, որը և հրաշալի անում են։

Շինարարական ստանդարտների և անվտանգության կանոնների պահպանումն անհրաժեշտություն է, և շինարարությամբ զբաղվող ցանկացած ընկերություն, հատկապես՝ Գազպրոմ և Վեոլիա ջուր ընկերությունները պարտավոր են հետևել անվտանգության կանոններին։

Վերահսկող մարմինները և ստանդարտների ներդրման և զարգացման մարմիններն անշուշտ նույնպես մեծ անելիքներ ունեն այստեղ։

Հ․Գ․ մեկնաբանություններում մի քանի պարզ լուծման օրինակ կբերեմ, որոնք լայն կիրառում ունեն բազմաթիվ երկրներում»,-հավելել է նա:

  • Կիսվել: