ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շարունակում ենք սպառողներից բողոքներ ստանալ, որ գազալիցքավորման ժամանակ իրենց խաբում են. Թունյան

Շարունակում ենք սպառողներից բողոքներ ստանալ, որ գազալիցքավորման ժամանակ իրենց խաբում են. Թունյան

Չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում մի շարք փոփոխություններ ենք կատարել՝ գազալիցքավորման և բենզալիցքավորման կայաններում թերլցումների խնդիրը լուծելու համար, շարունակում ենք սպառողներից բողոքներ ստանալ, որ լիցքավորման ժամանակ իրենց խաբում են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը: 

՛՛Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել էր ևս մեկ տեխնիկական լուծում. հատուկ սարքերով համալրել բենզալցակայանների, գազալցակայանների վառելիքաբաշխիչ աշտարակները, որպեսզի տնտեսավարողը չկարողանա միջամտել աշխատանքին և թերլիցքավորումներ անել:

Հաշվի առնելով, որ նման սարքերը լրացուցիչ բեռ են տնտեսվարողների համար (ընդ որում, այդ բեռը կրելու են թե՜ բարեխիղճ, թե՜ անբարեխիղճ տնտեսվարողները), առաջարկել էինք հետաձգել նախագծի ընդունումը և քննարկել լուծման այդ տարբերակի «գինն» ու արդարացվածությունը:

Այսօր աշխատանքային քննարկում ունեցանք այս հարցով (մանրամասները՝ հղումով):

Ես և իմ գործընկերները առաջարկել ենք.

▪️Ներկայացնել հստակ հաշվարկ, թե այս լուծումը կոնկրետ որքան ֆինանսական բեռ է առաջացնելու տնտեսվարողների համար,

▪️Կիրառել տարբերակված լուծումներ բարեխիղճ և անբարեխիղճ տնտեսվարողների համար:

Ընդգծեմ նաև, որ չնայած նման լուծումների ֆինանսական բեռն ի վերջո կրում է սպառողը, ավելի թանկ վճարելով, մյուս կողմից՝ խաբված սպառողը, որի մեքենան ավելի քիչ են լիցքավորում, ըստ էության ավելի թանկ է վճարում: Այսինքն, փոփոխություններն արվում են հենց ի շահ սպառողի, պարզապես դրանք պետք է մաքսիմալ հավասարակշռված, իրագործելի և արդյունավետ լինեն՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: