երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Շահումով խաղերի ոլորտի խոշոր տնտեսավարողները տուգանվել են՝ հովանոցային գովազդ իրականացնելու համար

Շահումով խաղերի ոլորտի խոշոր տնտեսավարողները տուգանվել են՝ հովանոցային գովազդ իրականացնելու համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ««Դիջիթեյն», «Տոտո Սպորտ» ՍՊԸ-ներ, ««Նոա» ֆուտբոլային ակումբ» ՀԿ» անձանց խմբի նկատմամբ նշանակել է 310 228 000 մլն դրամի չափով և ««Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ, «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ և «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ՍՊԸ» անձանց խմբի նկատմամբ՝ 430 474 000 դրամի չափով տուգանք` անբարեխիղճ մրցակցության, մասնավորապես շահումով խաղերի հովանոցային գովազդ իրականացնելու համար:

Հարուցված վարույթների քննության արդյունքում պարզվել է, որ «Դիջիթեյն» և «Սոֆթ Կոնստրակտ» ընկերություններն իրենց պատկանող ապրանքային նշաններն օգտագործել են օրենքին հակասող ձևերով և եղանակներով, ինչպես նաև արձանագրվել է փոխկապակցված ընկերությունների միջոցով այդ ընկերությունների ապրանքային նշաններին շփոթելու աստիճանի նման ապրանքային նշանների և դրանց առանձին տարրերի, ֆիրմային անվանման օգտագործման դեպքեր:

Մասնավորապես հովանոցային գովազդն իրականացվել է սոցիալական ցանցերի էջերում, հայտնի անձանց («ինֆլուենսերներ») կողմից արված գրառումներում, վճարային տերմինալների գովազդային վահանակների վրա, գեղարվեստական ֆիլմերում և այլ միջոցներով:

Հարկ է նշել, որ «Դիջիթեյն» և «Սոֆթ Կոնստրակտ» ընկերություններն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտման փաստը և համագործակցել Հանձնաժողովի հետ, այդ թվում` ներկայացնելով վարույթների համար էական նշանակություն ունեցող տվյալներ:

Ընկերություններին տրվել է մեկամսյա ժամկետ՝ բացահայտված խախտումները շտկելու համար:

Հիշեցնենք, որ «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներով նախատեսված են սահմանափակումներ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդի իրականացման համար:

  • Կիսվել: