երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սևանա լճից դուրս է բերվել 59 ապօրինի խեցգետնաորսիչ, 231 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ

Սևանա լճից դուրս է բերվել 59 ապօրինի խեցգետնաորսիչ, 231 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ

Այսօր «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող ջրային հատվածից լճից դուրս է բերվել և առգրավվել 59 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 231 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։ Այս մասին տեղեկացնում են ՇՄ նախարարությունից։

Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս և խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։ Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։

Հիշեցնենք, որ համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88-րդ հոդվածի՝ Կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների որսի իրականացման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրքառասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ:

Որսի կանոնները կոպիտ խախտելը (որսը առանց դրա թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, կամ արգելված գործիքներով կամ եղանակներով), ինչպես նաև որսի մյուս կանոնները պարբերաբար խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ մինչև 3 տարի ժամանակով:

  • Կիսվել: