երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը երեկվանից անժամկետ հացադուլ է սկսել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը երեկվանից անժամկետ հացադուլ է սկսել

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, 25 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանը երեկվանից անժամկետ հացադուլ է սկսել:

Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրեն բժշկական թղթեր են բերել, ներկայացրել թե իբր բուժել են, բայց ոչինչ չի արվել. «Իրական բուժումներ պետք է իրականացնեն, բայց այստեղ ոչ մի պայման չկա։

Սկզբում, երբ ձերբակալեցին, տարան կովիդի խուց, առանձին խուց է, ոչ մի պայման չունի, տաք ջուր չունի։ Տարրական նորմալ պայմաններից զուրկ,  սարսափելի ցուրտ պայմաններում էի: Հիմա ես անոթների խնդիր ունեմ, օստեոխոնդրոզ ունեմ: Հաստ աղիքս նորմալ չի գործում, սակայն մինչ օրս  չեն տեղափոխում «Դատապարտյալների հիվանդանոց»»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանը դատապարտվել է մասնավորապես նրա համար, որ ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ ինքն է կրակել ոստիկան Մկրտչյանի վրա, սակայն Բիլյանը չի ընդունում այդ մեղադրանքը: Միլյանի կարծիքը կիսում են նաև «Սասնա ծռեր» խմբից Պավլիկ Մանուկյանը, նաև Ալեք Ենիգոմշյանը: Վերջինս հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ բոլորն էլ գիտեն, որ կրակողը Արմեն Բիլյանը չի եղել, սակայն պարտակում են ճշմարտությունը. «Պատասխանի սպասող հարց է այն, թե ինչո՞ւ Ժիրայր Սեֆիլյանն ու խմբի 1-2 ղեկավարները համառորեն պարտակում են ճշմարտությունը, ոչինչ չեն անում անարդարությունն ուղղելու, ու դրանով դառնում «իրավապահ» հանցագործ համակարգի հանցակիցները»,-նշել էր Ենիգոմշյանը:

  • Կիսվել: