երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Սարյան և Մոսկովյան փողոցներում երթևեկությունը կդառնա միակողմանի

Սարյան և Մոսկովյան փողոցներում երթևեկությունը կդառնա միակողմանի

Սարյան և Մոսկովյան փողոցներում կավելանա ևս մեկ երթևեկելի գոտի։

«Ներկայումս յուրաքանչյուր ուղղությամբ ունենք երկու երթևեկելի գոտի, սակայն, քանի որ մայթեզրերին թույլատրված է կայանումները զուգահեռ տարբերակով, փաստացի գործում է միայն մեկ երթևեկելի գոտի։ Բոլորս գիտենք, թե ինչ նշանակություն ունի Սարյան փողոցը և ինչպիսի հոսքեր են այնտեղ։ Երկրորդ երթևեկելի գոտին հաճախ օգտագործվում է տրանսպորտային միջոցների կանգառի, կայանման կամ ուղևոր իջեցնելու համար, ինչի արդյունքում տվյալ ուղղությամբ երթևեկությունը ամբողջությամբ կաթվածահար է լինում։ Այս փոփոխության շնորհիվ կունենանք ևս մեկ գործող երթևեկելի գոտի, որը կապահովի ընդհանուր տրանսպորտային հոսքերի անընդհատությունը»,- նշել է Երևանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

Սարյան փողոցում կսահմանվի միակողմանի երթևեկություն, որը կմեկնարկի Մաշտոցի պողոտայից և կշարունակվի դեպի Բաղրամյան պողոտա՝ ընդգրկելով ինչպես Սարյան փողոցը, այնպես էլ Մոսկովյան փողոցի մի հատվածը։

Ամիրյան, Արամի, Պուշկին և Թումանյան փողոցներից դեպի Սարյան հնարավոր կլինի երթևեկել միայն աջ՝ Բաղրամյան պողոտայի ուղղությամբ, իսկ Լեո և Ֆրիկի փողոցներից՝ միայն ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հանձնարարեց. «Այս փոփոխությունն իրականացնելու և փորձարկելու ժամանակը հենց հիմա է։ Չպետք է այն չափազանց ձգձգել, քանի դեռ երթևեկության հոսքն այնպիսին է, որ թույլ է տալիս գնահատել փոփոխության հնարավոր ազդեցությունը։ Պետք է օգտագործել այս պահը»։

  • Կիսվել: