ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սամվել Մայրապետյանի ընկերությունը պահանջում է «Դոլմամա»-ի շենքը դարձյալ ճանաչել հանրային գերակա շահ

Սամվել Մայրապետյանի ընկերությունը պահանջում է «Դոլմամա»-ի շենքը դարձյալ ճանաչել հանրային գերակա շահ

Կառուցապատման ոլորտի գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դիվելոփըրզ» ընկերությունը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Կառավարության այն որոշումը, որով Երևանի Պուշկինի փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորանի շենքն ու մի քանի այլ շենքեր հանվում են հանրային գերակա շահ ճանաչվելու ցանկից։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական  հարթակից, գրում է 1lurer.am-ը: 

Հունիսի 10-ին Կառավարությունը որոշել էր Պուշկինի 4 տուն, Պուշկինի 8, Պուշկինի 8, բն. 3, Պուշկինի 10-1 և 6ա, Պուշկինի 10, բն. 3, Պուշկինի 10, հ. 6 տարածքի հասցեները հանել հանրային գերակա շահ ճանաչված անշարժ գույքերի ցանկից։ Ըստ Կառավարության հիմնավորման՝ «Լոկալ դիվելոփըրզ»-ը պետք է այդ տարածքները ​​հանրային գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում իրականացներ սեփականության օտարման գործընթաց ու սկսեր կառուցապատում, ինչը չի արել։ Բացի սա, ըստ Կառավարության, այդ հասցեներում գտնվող գույքերը ճանաչվել են որպես պատմամշակութային հուշարձան, անհրաժեշտություն է առաջացել վերագնահատել նշված տարածքում հնարավոր հանրային շահի առկայության հարցը, այդ թվում՝ վերջինիս գերակայությունը։

«Դոլմամա» ռեստորանը գտնվում է հենց Պուշկինի 10 հասցեում և վերջին 12 տարիներին ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը դատական քաշքշուկների մեջ է Մայրապետյանի ընկերության հետ։ «Լոկալ դիվելոփըրզ»-ը Ավանյանից պահանջում էր տարածքը հանձնել իրենց՝ որպես հանրային գերակա շահ, իսկ այս տարվա ընթացքում արդեն Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից էր ստացել նամակ՝ տարածքն ազատելու ու «Լոկալ դիվելոփըրզ»-ին հանձնելու համար։ 2016-ի փետրվարին ընկերությունը Ավանյանին առաջարկել էր 64 միլիոն դրամ՝ ռեստորանն իրենց հանձնելու դիմաց, ստացել էր մերժում։ 2019-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է քննարկեր 2006-2018 թվականների ընթացքում հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ ընդունված որոշումների ընթացքը։

Օգոստոսին «Լոկալ դիվելոփըրզ»-ը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Կառավարության համապատասխան որոշումը։ Հայցադիմումում տեղ գտած թերությունների պատճառով հայցը վերադարձվել է, ապա շտկումից հետո ընդունվել վարույթ։ «Լոկալ դիվելոփըրզ»-ի շահերի ներկայացուցիչ Վարդան Հակոբյանը «Լուրերի» հետ զրույցում ասաց՝ վստահորդ ընկերության հետ պայմանավորվածություն չունի լրատվամիջոցների հետ շփվելու. «Ինձ վստահվել է դատարանում գործը ներկայացնել, ես այդքանով եմ ծառայում, եթե պայմանավորվածություն կունենանք լրատվամիջոցների հետ շփվելու, կխոսենք»,- ասաց փաստաբանը։

«Դոլմամա» ռեստորանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ալինա Ավետիսյանն ասաց՝ իրենք պիտի այդ գործով երրորդ կողմ հանդես գան, քանի որ դա Ժիրայր Ավանյանի սեփականությունն է ու ուղիղ առնչվում է իրենց. «Ես ենթադրում եմ, որ դատարանը մեզ կներգրավի որպես կողմ, քանի որ Կառավարության որոշման անվավերությունն ուղիղ առնչվում է մեր շահերին»,- ասաց Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ Կառավարության կողմից «Դոլմամա»-ի շենքը հանրային գերակա շահ ճանաչված տարածքների ցանկից հանելու որոշումը եղել է հիմնավոր, քանի որ Պուշկինի փողոցի այդ շենքերը հանդիսանում են հուշարձաններ։ Ըստ փաստաբանի՝ միջգերատեսչական հանձնաժողովն ունի արձանագրություն, որի համաձայն դեռևս չօտարված գույքերը հնարավոր է պահպանել. «Բացի այդ, քաղաքաշինական ծրագրի ժամկետն ավարտված է ու երկարացված չէ, ես գտնում եմ՝ Կառավարությունը ճիշտ մոտեցում է ունեցել, դա պետք է տարածվի նաև հանրային գերակա շահ ճանաչված այլ տեղերի վրա, Երևանի սիրտը քանդել, ավերել չի կարելի»,- նշեց փաստաբանը։

Վերջինս կասկածում է, որ «Լոկալ դիվելոփըրզ»-ին կհաջողվի հասնել հաջողության, ու կԿառավարության որոշումն անվավեր կճանաչվի. «Ամեն դեպքում, ինձ թվում է՝ հիմա դատարանները շատ կաշկանդված չեն, նախկինում ինձ համար պարզ էր, որ ամեն ինչ հրահանգված է, ենթադրում եմ, որ պահանջը պիտի չբավարարվի»,- նշեց Ավետիսյանը։

Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ «Լոկալ դիվելոփըրզ»-ի բաժնեմասերը հավասարապես կիսված են Սամվել Մայրապետյանի ու նրա կնոջ՝ Գոհար Քյալյանի միջև։ Այդ բաժնեմասերի վրա, սակայն, կալանք է դրված։ Մայրապետյանին ու Քյալյանին է պատկանում նաև մեկ այլ կառուցապատող ընկերություն՝ «Պրոգրես-Արմենիան», որի բաժնեմասերը ևս արգելանքի տակ են։ Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ «Լոկալ դիվելոփըրզ» և «Պրոգրես-Արմենիա» ընկերությունները 2004-2014 թվականների ընթացքում հարյուրավոր բնակարանների առքուվաճառքի պայմանագրերում շուկայականից էականորեն էժան գին են նշել՝ այդպիսով չվճարելով 35 միլիարդ դրամի հարկեր ու տույժեր։

Մայրապետյանը ներկայում հետախուզման մեջ է։

  • Կիսվել: