շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է

Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է

Գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ինչպես նաեւ որոշում է կայացվել որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին։ Այս տեղեկությունը Infoport.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Սամվել Մայրապետյանը վարույթն իրականացնող մարմնի կանչով խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին: Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` այսօր՝ մարտի 3-ին, Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, եւ ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նաեւ քննիչի կողմից որոշում է կայացվել որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր,  որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հունվարի 24–ին բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպանի միջնորդությունը եւ թույլատրել գործարարին դուրս գալ երկրից։ Մայրապետյանի նկատմամբ ընտրված փախանման միջոցը փոխվել էր անձնական երաշխավորությամբ։

Մայրապետյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ վեհափառ հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Հիշեցնենք նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին 39-րդ կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով եւ ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Բացի այդ ՄԻԵԴ–ն առաջնահերթություն է տվել Մայրապետյանի գործին 41-րդ Կանոնի համաձայն եւ պահանջել փաստաբաններից ամբողջական բողոքը ուղարկել շատ ավելի արագ, քան նախկինում պահանջվում էր, ՀՀ գլխավոր դատախազությունը մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող իրավիճակը ժամ առաջ լուծելու փոխարեն ժամանակ է վատնում նման կարգի՝ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու վրա:

Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1-ի» գործի շրջանակներում՝ ՔՕ 38-311–րդ հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը): Դա վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կաշառք ստանալու դրվագի մասին է։

 

  • Կիսվել: