երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սահմանվել են հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման ընթացակարգերը

Սահմանվել են հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման ընթացակարգերը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել  «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի շրջանակում սահմանվում են հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման հստակ ընթացակարգերը։

Այս մասին հայտնում են  ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

«Նախագծի ընդունմամբ կամրագրվի աշխատանքային հարաբերությունների կարգավորման ճկուն և արդի մեխանիզմ, որով աշխատանքի կազմակերպումը կլինի ավելի արդյունավետ և ժամանակի հրամայականին համահունչ։ Առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետների, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների ներգրավելու համար։

 

Նախագծի կիրառման արդյունքում ակնկալվում է արտադրողականության աճ, բարձր որակավորում ունեցող աշխատուժի թվի մեծացում, բիզնեսի եկամուտների աճ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում, կանաչ տնտեսության զարգացում և այլն։

Նշենք, որ ներկա կարգավորումների համաձայն հեռավար եղանակով աշխատանքի իրականացում Հանրապետությունում սահմանված էր միայն տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածների համար»:

  • Կիսվել: