կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սահմանին ամրաշինական և շատ այլ աշխատանքներ չեն կատարվում, որովհետև մենք չունենք հայամետ իշխանություն․ Մամիջանյան

Սահմանին ամրաշինական և շատ այլ աշխատանքներ չեն կատարվում, որովհետև մենք չունենք հայամետ իշխանություն․ Մամիջանյան

Այս իշխանությունները շատ ու շատ գործողություններ իրականացնում են այն տրամաբանությամբ, որ հանկարծ չջղայնացնեն թշնամուն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նա կարծիք հայտնեց, որ սահմանին ամրաշինական ու կահավորման անհրաժեշտ աշխատանքներ չկատարելը այդ տրամաբանության շրջանակում է տեղավորվում։ Բացի այդ՝ իշխանությունը ընդդիմության ներկայացուցիչներին, մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին մերժում է առաջնագիծ մեկնելու և իրավիճակին ծանոթանալու թույլտվություն տրամադրել, բայց այդ թույլտվությունը տալիս է իշխանական պատգամավորներին։

«Որովհետև իշխանական պատգամավորները գնում, նկարվում են, ասում են՝ ճանապարհը անվտանգ է, դրանից մի քանի ժամ հետո այդ ճանապարհին մաքսային կետ է տեղադրվում։ Ինչ վերաբերում է ամրաշինական, ինժեներական աշխատանքներին, այս իշխանությունների համար միշտ ձմեռ է։ Միշտ հնարավորություն չկա իրականացնել ամրաշինական աշխատանքներ։ Ձմռանը՝ ընտրություններից առաջ, Վանաձորում ասֆալտ փռել իրենք կարողանում են, իսկ ամրաշինական աշխատանքներ ամբողջ տարին չեն կարողանում իրականացնել», - նշեց պատգամավորը։
 

Հայկ Մամիջանյանն ընդգծեց՝ իշխանության պատասխանատվությունն է մայիսից Հայաստանի սուվերեն տարածք մտած թշնամուն դեմ հանդիման կանգնած զինվորին անհրաժեշտ պայմաններով ապահովելը։

«Այն բոլոր ահասարսուռ լուսանկարները, որոնց մասին ես ամաչում եմ խոսել, երբ զինվորները լուսանկարում են, որ քամին իրենց կեցավայրը ծածկող տենտը քշել, տարել է, և իրենք մնացել են բաց երկնքի տակ, ա՛յ այս պարագայում իշխանություն կոչվածները չեն կարող հղում անել ո՛չ անցյալին, ո՛չ նախորդիվ կնքված փաստաթղթերին, պայմանագրերին, «թալանածին», սա 100 տոկոսով իրենց պատասխանատվությունն է, որն, ինչպես շատ ու շատ այլ բաներ, իրենք ձախողել են», - ասաց Մամիջանյանը։

Պատգամավորի խոսքով՝ ամրաշինական և շատ այլ աշխատանքներ չեն կատարվում, որովհետև մենք չունենք հայամետ իշխանություն:

  • Կիսվել: