կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Րոպեն 2000 դոլարով վաճառվող գովազդի գումարը նախկինում հոսում էր մեկ մարդու գրպան. Սիսակ Գաբրիելյան

Րոպեն 2000 դոլարով վաճառվող գովազդի գումարը նախկինում հոսում էր մեկ մարդու գրպան. Սիսակ Գաբրիելյան

Ինչ լավ հաղորդումներ կստեղծվեին ՛՛Երկիր մեդիայում՛՛, եթե գումարները չհոսեին մեկ մարդու գրպան: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՌՀ անդամի ընտրության ժամանակ իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ խոսքն ուղղելով ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին:

Գաբրիելյանը, խոսելով հեռուստաընկերությունների գովազդային քաղաքականության մասին, ասաց. ՛՛Հայաստանում ստեղծվել էր մի ընկերություն, որը վաճառում էր գովազդ, կամ իր միջոցով վաճառում էին գովազդ հեռուստաընկերություններին:

Ես էլ եմ դիտել և շարունակում եմ դիտել ՛՛Երկիր մեդիայի՛՛ (ՀՅԴ-ինն է.-խմբ.) շատ հաղորդումներ, դրանք շատ ավելի լավը կլինեին, որ այդ ընկերությունը չլիներ, որը տալիս էր իբր ռեյտինգ, որ, օրինակ, ՛՛Երկիր մեդիայի՛՛ ռեյտինգը շատ ցար է, և բարձր է միայն երկու այլ հեռուստաընկերությունների ռեյտինգը, որովհետև այնտեղ գովազդը պիտի վաճառվեր րոպեն երկու հազար դոլարով:

Այդ գումարը չէր գալիս Ձեզ (դիմում է  Մանուկյանին.-խմբ) մոտ, գալիս էր շատ կոնկրետ հեռուստաընկերություն, որն էլի պատկանում էր այդ նույն գովազդատու ընկերությանը, որն այդ ռեյտինգները տալիս էր՝ ստեղծելով սեփական չափիչ ընկերություն:

Չեմ ուզում շատ փակագծեր բացել, առաջիկայում, վստահ եմ, կհարուցվի քրգործ, և, պարոն Մանուկյան, կափսոսաք, որ շատ տարիներ առաջ չի եղել ազատ գովազդային շուկա, որն այսօր դուք ունեք: Ինչ լավ հաղորդումներ կստեղծվեին ՛՛Երկիր մեդիայում՛՛, եթե այդ գումարները չհոսեին մեկ մարդու գրպան՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովը ՀՌՀ անդամ է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Հակոբ Հակոբյանին և Արթուր Մանուկյանին:

Երկու թեկնածուների ընտրության ձայները բաշխվել են նույնկերպ. 68 կողմ, 0 դեմ: 

 

  • Կիսվել: