ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Արմավիրի սահմանապահ ջոկատում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Արմավիրի սահմանապահ ջոկատում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում այսօր տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը, որին զորամասի բարձրաստիճան սպայակազմի հետ միասին ներկա են գտնվել նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, զինվորականներ, հյուրեր, նորակոչիկների հարազատներ:

Երդման արարողությունը մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության և Հայսատանի Հանրապետության օրհներգներով, որից հետո զորամասի շարային հրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի է ունեցել նորակոչիկների երդմնակալության հիմնական արարողակարգը, որի ընթացքում նրանք ընթերցել են զինվորական երդման տեքստն ու ստորագրել սահմանված փաստաթղթում:

Նորակոչիկներին և նրանց ծնողներին շնորհավորել և բարի ծառայություն է մաղթել զորամասի հրամանատար, գնդապետ Դենիս Կամարովը:

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը զինվորական երդում տված նորակոչիկներին շնորհավորել է և մաղթել, որ փառքով կատարեն իրենց ծառայությունը և անեն անգամ անհնարինը, որպեսզի պատվով իրականացնեն իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ մարզպետը շնորհավորել է ներկաներին՝ մաղթելով քաջառողջություն, խաղաղություն և անփորձանք ծառայություն:

  • Կիսվել: