շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Քվեարկության ընթացքում գրիչներ այլևս չեն օգտագործվի. ինչ է առաջարկում ՔՊ-ն

Քվեարկության ընթացքում գրիչներ այլևս չեն օգտագործվի. ինչ է առաջարկում ՔՊ-ն

2021թ․-ին կայացած ԱԺ արտահերթ եւ համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնք գույքագրվել են նաեւ դիտորդական առաքելությունների, մասնակցած քաղաքական ուժերի կողմից, ուստի առաջարկվում է լուծել այդ խնդիրները։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ ներկայացնելով իր եւ ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը։

Ըստ դրա՝ համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների պարագայում կուսակցությունների եւ դաշինքների համար նախատեսվում են առանձին քվեաթերթիկներ՝ անկախ նրանից, թե որքան է ընտրողների թիվը։

Ինչպես նշեց Արթուր Հովհաննիսյանը՝ այսպիսով, քվեարկության ընթացքում վերացվում է գրիչների օգտագործումը։

Նա հավելեց, որ Կուսակցությունների համամասնական ցուցակների առաջին երեք թեկնածուների ինքնաբացարկի ժամկետը սահմանվում է ոչ ուշ, քան քվեարկության օրից 15 օր առաջ, ինչն ընտրական հանձնաժողովներին հնարավորություն է տալու ավելի շուտ սկսել քվեաթերթիկների տպագրությունը։

՛՛Այսպիսով` ունենալու ենք նույն մոդելով ընտրություններ, ինչպես ԱԺ ընտրությունների դեպքում է, այսինքն՝ տարբեր քվեաթերթիկներով՛՛,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ սա նվազեցնում է նաեւ անվավեր քվեաթերթիկների քանակը եւ բարելավում ընտրական գործընթացը։

՛՛Առաջարկվում է նաեւ համամասնական ՏԻՄ ընտրությունների ժամանակ իրականացնել քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային հեռարձակում, ինչպես ԱԺ ընտրությունների ժամանակ է։ Սա եւս բարձրացնում է վստահությունն ընտրական գործընթացի հանդեպ՛՛,-հայտնեց Արթուր Հովհաննիսյանը։

Բացի այդ՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոնի համար առաջարկվում է սահմանել նույն չափորոշիչները, որոնք արդեն իսկ սահմանված են ԱԺ պատգամավորի դեպքում։

Նշենք, որ նախագիծը քվեարկությամբ ընդունվեց առաջին ընթերցմամբ։

  • Կիսվել: