ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Քնում եմ՝ անիծում եմ, զարթնում եմ՝ անիծում եմ․ Եռաբլուրում գերեզման է պղծվել

Քնում եմ՝ անիծում եմ, զարթնում եմ՝ անիծում եմ․ Եռաբլուրում գերեզման է պղծվել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝  օգոստոսի 30-ի ցերեկը, արտակարգ և անմարդկային դեպք է տեղի ունեցել Եռաբլուրում: Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները:

Նարեկի հայրը՝ Ռոման Գևորգյանը քիչ առաջ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր իրականացնում, որի ժամանակ նշեց, որ նախորդ գիշեր եղել են Եռաբլուրում, և շիրմաքարը տեղում է եղել, այսօր ցերեկով են թուրքի նման քանդել ու տարել այն:

Ասաց, որ տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա ՊՆ նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից, բայց եկել, տեսել են՝ ո՛չ շիրմաքարը կա, ո՛չ սյուները և ո՛չ էլ նստարանները:

«Մտել եմ, տեսել եմ երեխուս գերեզմանը քանդած է, նկարը գետինին էր ընկած։ Այդ երեխան ամբողջ ազգի համար է զոհվել, միայն թուրքը կարող է այդպիսի բան անել»,-ասաց զոհվածի հայրը։

Ըստ հերոսի հոր՝ այդ արարքը կատարողները թուրքից էլ վատն են, որ կարողացել են այս երկրի համար իր կյանքը նվիրաբերած հերոսի գերեզմանը քանդել: Հայրը խոստացավ, որ առավոտյան խմբով գնալու են կառավարության շենքի առջև իրենց բողոքի ձայնը բարձրացնեն, ու որ այդ վանդալիզմը կատարողները անպայման պատասխան տան:

<<Քնում եմ՝ անիծում եմ, զարթնում եմ՝ անիծում եմ>>,- ասաց Նարեկի մայրը։ 

Ստացվում է, որ Ռ. Գևորգյանին նախ թույլատրել են կառուցել հերոս որդու գերեզմանը, հետո էլ որոշել են առանց խղճի խայթ զգալու քանդել տալ այն: Ակնկալում ենք ՀՀ ՊՆ-ի արձագանքը:

  • Կիսվել: