ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քննարկվում է հասարակական տրանսպորտի համար հատուկ չվացուցակ կազմելու հնարավորությունը․ տեսչական մարմնի պաշտոնյա

Քննարկվում է հասարակական տրանսպորտի համար հատուկ չվացուցակ կազմելու հնարավորությունը․ տեսչական մարմնի պաշտոնյա

Հայաստանի Հանրապետությունում ներգրավված են շուրջ 3500 տրանսպորտային միջոցներ և 20-25 հազար տաքսի ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերեր ու ֆիզիկական անձինք, որոնք իրականացնում են ուղևորափոխադրումներ, այսօր տեղեկատվական միասնական կենտրոնում հայտարարեց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։

Պաշտոնյայի խոսքով մայիսի 18-ից մինչ այժմ հսկողություն է իրականացվում, որ վարորդները խստագույնս պահպանեն անվտանգության կանոնները, ավտոբուսներում տեղադրված լինեն ախտահանիչ նյութերը, բացի այդ, ստուգումներ են իրականացվում տրանսպորտների նախաբացթողումային փուլում։ Հատկապես ուշադրություն է դարձվել, որ գերբեռնված չլինի հասարակական տրանսպորտը։

Այդուհանդերձ, նրա փոխանցմամբ, խախտումներ արձանագրվել են։ «Ստուգայցերի ժամանակ հանրապետության տարածքում խախտումներ են հայտնաբերվել, որոնց ընթացքում տրվել են ցուցումներ։ Այս ժամանակահատվածում շեշտը դրել ենք մշտադիտարկումների ու կանխարգելիչ գործողությունների վրա, հիմնականում իրազեկել ենք մարդկանց», -ասաց Գրիգորյանը։

Նրա ներկայացմամբ, այս փուլում ուղևորափոխադրումները թերբեռնված են իրականացվում և այդ պատճառով Տարածքային և ենթակառուցվածքների կառավարման նախարարության հետ միասին քննարկվում է հասարակական տրանսպորտի համար հատուկ չվացուցակ կազմելու հնարավորությունը։ «Հուսով ենք, որ հաջորդ շաբաթվա ընթացքում ուղևորատար կազմակերպությունները, որոնք ցածր տեմպով են աշխատում, կսկսեն լիարժեք աշխատել», -հավելեց նա։

  • Կիսվել: