կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Քննարկվել է ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի 2022 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

Քննարկվել է ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի 2022 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմը 2022 թվականին իրականացրել է մեկ ծրագիր եւ երեք միջոցառում: 2022 թվականի բյուջեով նախատեսված է եղել 542 մլն դրամ, տարեկան ճշտված պլանով տրամադրված գումարը նվազել եւ կազմել է 534 մլն դրամ: Փաստացի իրականացվել է 525 մլն դրամ, ինչը տարեկան ճշտված պլանի նկատմամբ կազմում է 98,2 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 2-ին քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ներկայացնելով մանրամասներ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների տրամադրման միջոցառումից, անդրադարձել է ստացված դիմում բողոքներին:

Նա կարեւորել է Երեխաների եւ երիտասարդների պաշտպանության բարելավման եւ մասնակցության խթանման դրամաշնորհային ծրագիրը, նշելով, որ ՄԻՊ-ի առաջնահերթություններից է երեխաների իրավունքների պաշտպանության հարցը: Ծրագրի շրջանակում վերապատրաստվել են ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի աշխատակիցներ՝ երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերով, մշակվել են բուլինգի հիմնախնդրի մոնիտորինգային գործիքներ, ինչը պաշտպանի գրասենյակի առաջնահերթություններից է: Մշակվել են նաեւ երեխաների կողմից ՄԻՊ-ին դիմելու մատչելի, վստահելի մեխանիզմներ:

2022 թվականին ՄԻՊ-ը թեժ գծով շարունակել է ստանալ մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի տարատեսակ հարցեր: Ըստ բանախոսի՝ շատ դեպքերում աշխատակազմն իր նախաձեռնությամբ է կապ հաստատում եւ տրամադրում խորհրդատվություն:

Անահիտ Մանասյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ներկայացրել է պարզաբանումներ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, սահմանամերձ շրջաններում արձանագրված խնդիրների, Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար խնդիրների միջազգայնացման վերաբերյալ:

Պատգամավոր Միքայել Թումասյանը հետաքրքրվել է, թե ինչ քայլեր է անում ՄԻՊ-ն անչափահաս, մանկահասակ երեխաների մուրացկանությամբ զբաղվելու հարցը վերացնելու ուղղությամբ: Պաշտպանը նշել է, որ երեխաների հարցը կառույցի ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Ըստ նրա՝ խնդիրը համակարգային է, եւ անհրաժեշտ է բոլոր իրավասու մարմինների համագործակցությունը? էական արդյունքներ գրանցելու համար:

Պատգամավոր Դավիթ Առուշանյանը, նշելով, որ ՄԻՊ-ը Գյումրիում հանդիպել է գերիների հարազատների հետ, հետաքրքրվել է, թե այս հարցով ինչ աշխատանքներ են կատարվել միջազգային համապատասխան կառույցների հետ: Անահիտ Մանասյանը նշել է, որ գերիների հարազատների հետ հանդիպման շրջանակում բազմաթիվ խնդիրներ են բարձրաձայնվել: Բարձրացված խնդիրների մի մասի վերաբերյալ նամակներ են հղվել մի շարք միջազգային կառույցների:

  • Կիսվել: