հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քննարկվել է Գերմանիայի հետ միգրացիոն գործընկերության համաձայնագիր կնքելու հնարավորության հարցը

Քննարկվել է Գերմանիայի հետ միգրացիոն գործընկերության համաձայնագիր կնքելու հնարավորության հարցը

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:

Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված երկկողմ արդյունավետ համագործակցությունը: Նաև անդրադարձել է սերտ համագործակցությանը, որն իրականացվում է ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի խողովակներով, ինչպես նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կապի սպայի միջոցով։

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ անդրադառնալով Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կենտրոնի կառուցման աշխատանքներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը՝ կացարանի կառուցման նպատակով տրամադրված ֆինանսական աջակցության համար։

Նշելով, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը գտնվում է բարեփոխումների կարևոր փուլում, Վահե Ղազարյանը, ի դեմս Եվրոպական Միության, հատուկ շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու համար: Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:

Նա մասնավորապես կարևորել է միգրացիոն և այլ ուղղություններով ձևավորված համագործակցությունը: Քննարկվել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ միգրացիոն գործընկերության համաձայնագիր կնքելու հնարավորության հարցը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը։

  • Կիսվել: