երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկում՝ Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Քննարկում՝ Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ներկայացուցիչներին:

Հանդիպման առանցքում զարգացման կենտրոնների լիցենզավորման պահանջին վերաբերող հարցերն էին:

Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և նշել, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում» նախադպրոցական կրթության համար սահմանված են հավակնոտ թիրախներ, մասնավորապես՝ ենթակառուցվածքների բարելավման, կրթության բովանդակության փոփոխության, մասնագիտական կարողությունների զարգացման, հասանելիության ապահովման ուղղությամբ:

«Կրթության ռազմավարության գործողությունների ծրագիրը ևս հաստատված է, և մեզ համար կարևոր է, որ այդ գործողությունների հիմքում դրված ուղղություններն ընկալելի լինեն նաև մասնավոր հատվածի կողմից: Պետք է վստահ լինենք, որ միասին նույն ճանապարհով ենք գնում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ըստ սահմանված ժամկետի՝ նախադպրոցական կրթական ծրագրերն ու ծառայությունները մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը պետք է գործունեության լիցենզիա ստանան, այլապես նրանց գործունեությունը կդիտվի անօրինական և կդադարեցվի: Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ լիցենզավորման պահանջի նպատակն է կանոնակարգել դաշտը, ինչը հնարավորություն կտա հասկանալու՝ տվյալ հաստատությունն ունի՞ բավարար պայմաններ նախադպրոցական կրթություն իրականացնելու համար, թե՞ ոչ:

Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ներկայացուցիչները ներկայացրել են լիցենզավորման պահանջին վերաբերող իրենց հարցերը: Դրանք, մասնավորապես, վերաբերել են նախադպրոցական կրթական ծրագրի և ծառայության սահմանումների տարբերությանը (զարգացման կենտրոնի և մանկապարտեզի տարանջատում), սանիտարահիգիենիկ, շինության հասարակական նշանակության նորմերին, մանկավարժական կադրերի համալրմանն ու աշխատանքային փորձի հաշվարկմանը: Նշյալ հարցերը քննարկելիս հղում է արվել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքին, ԿԳՄՍ նախարարի 2022 թ. դեկտեմբերի 9-ի 81-Ն հրամանին, ՀՀ կառավարության 2009 թ. 808-Ն որոշմանը, ոլորտը կարգավորող այլ իրավական փաստաթղթերի: Հստակեցվել են կրթական ծրագրի և ծառայության տարբերությունը, շինության հասարակական նշանակության նորմի անհրաժեշտությունը, քննարկվել են բարձրագույն և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետներին հաստատություններ ներգրավելու մեխանիզմների մշակման հնարավորությունները, ինչպես նաև աշխատանքային փորձի վերանայման մի շարք հարցեր:

  • Կիսվել: