ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Քննարկում՝ դպրոցների կառավարման մոդելի կիրառման վերաբերյալ

Քննարկում՝ դպրոցների կառավարման մոդելի կիրառման վերաբերյալ

Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանն ու ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած քննարկմանը, որն առնչվել է դպրոցների կառավարման մոդելի կիրառմանը։

Նոր փոփոխությամբ սահմանվել են տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթները, որոնց արդյունավետ իրագործման համար առաջնային է աշխատանքի կանոնակարգված իրականացումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ դպրոցների կառավարման համակարգային փոփոխության կարևոր նպատակներից մեկն այն է, որ տնօրեններն ազատվեն վարչատնտեսական հարցերի բեռից և զբաղվեն միայն կրթության բովանդակությանն առնչվող հարցերով: Մյուս նպատակը ծառայությունների մասնագիտացված ցանցի ստեղծումն է, որը հնարավորություն կտա դպրոցին հնարավորինս քիչ ծանրաբեռնվել նմանօրինակ հարցերով՝ գնալով դեպի պատվիրակված ծառայություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դպրոցների ֆինանսավորման նոր մոդելին վերաբերող հարցեր: Նոր կարգը կիրառվելու է 2023 թվականի սեպտեմբերից:

  • Կիսվել: