կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Քննարկում՝ բնագիտամաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաների ուսուցման բարելավման նպատակով

Քննարկում՝ բնագիտամաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաների ուսուցման բարելավման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հրավիրած աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են հանրակրթական ծրագրերում ԲՏՃՄ (բնագիտություն, ՏՀՏ, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ուղղության զագացման խնդիրները:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են ՏՀՏ և ԲՏՃՄ ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող առաջատար կազմակերպություններ:

Ժ. Անդրեասյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հետ ԲՏՃՄ ոլորտում ավագ դպրոցների աշակերտների պատրաստվածության մակարդակի բարձրացմանը միտված ծրագիր է նախաձեռնել` կարևորելով մասնավորապես արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտային գիտելիքների և գործնական հմտությունների ձեռքբերումը:

Նախատեսվում է մշակել կրթական ծրագրեր և ռեսուրսներ, իրականացնել ուսուցիչների վերապատրաստումներ, ստեղծել գնահատման համակարգ՝ մշակելով նաև տաղանդների բացահայտման գործիքակազմ:

«Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտ է համատեղել ոլորտի բոլոր կառույցների ջանքերը, օգտագործել լավագույն փորձը»,- նշել է ժաննա Անդրեասյանը և հավելել, որ այս ձևաչափով հանդիպումները կլինեն շարունակական:

Նախարարի տեղակալն իր խոսքում նշել է, որ 2021 թվականի փետրվարին ընդունված հանրակրթության չափորոշչում և հաջորդաբար հաստատված առարկայական չափորոշիչներում ԲՏՃՄ ուղղության վրա հատուկ շեշտադրում է արված: Տավուշի մարզի դպրոցներում 2021 թվականի սեպտեմբերից փորձարկվող նոր չափորոշիչը ՀՀ բոլոր դպրոցներում ամբողջությամբ կներդրվի փուլային տարբերակով մինչև 2026 թվականը: Այդ ընթացքում նախատեսվում է ՀՀ բոլոր դպրոցներն ապահովել ԲՏՃՄ առարկաների լաբորատորիաներով:

Ժաննա Անդրեասյանի խոսքով` հիմնական մտահոգություններից մեկը ԲՏՃՄ առարկաները դասավանդող որակյալ մասնագետների պակասն է՝ հաշվի առնելով, որ նման կադրերն այլ ոլորտներում ավելի բարձր վարձատրվող աշխատանքը գերադասում են մանկավարժությամբ զբաղվելուց:

Պետությունը մանկավարժական գործունեության գրավչության բարձրացման և կադրերի պակասը լրացնելու նպատակով օրենսդրական մի քանի նոր կարգավորումներ է տվել: Մասնավորապես, եթե մրցույթի արդյունքում ուսուցչի թափուր տեղը մանկավարժի որակավորում ունեցող մասնագետի կողմից չի համալրվում, ապա համապատասխան ոլորտի բարձրագույն կրթությամբ անձը կարող է համալրել այդ տեղը՝ զուգահեռաբար ստանալով մանկավարժական կրեդիտներ։

Զուգահեռաբար ներդրվել է էլեկտրոնային դասավանդման և մենթոր դպրոցների ծրագիրը, որը միջանկյալ տարբերակային լուծում է տալիս մասնագիտական ռեսուրսի պակասի խնդրին, հատկապես՝ գյուղական դպրոցներին։ Այս պահին մենթորությամբ զբաղվում են 17 դպրոցներ, որոնք ապահովում են հեռավար դասեր ավելի քան հինգ տասնյակ գյուղական դպրոցներում։

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է կամավոր ատեստավորման շեմը հաղթահարած ուսուցիչների դրույքաչափը բարձրացնել՝ սահմանելով 200 հազար դրամ, որի նկատմամբ էլ կկիրառվեն կամավոր ատեստավորման կարգով նախատեսված հավելավճարները։

‹‹Կան նաև այլ՝ խորքային խնդիրներ, որոնք լուծում չեն ստանա անգամ դրույքաչափի բարձրացման դեպքում։ Օրինակ՝ գյուղական փոքր դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, մի շարք առարկաների, այդ թվում՝ ԲՏՃՄ ուսուցիչները լիարժեք բեռնվածություն ունենալ չեն կարող››,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ավելացնելով, թե այժմ քննարկվում են խնդիրներին համալիր լուծումներ տալու տարբերակներ։

Անդրադառնալով բովանդակային հարցերին՝ նախարարի տեղակալը կարևորել է կրթության որակի չափելիությունը։ Այս համատեքստում նա նշել է, որ ուժի մեջ է մտել սովորողների ամփոփիչ գնահատման, ատեստավորման և փոխադրման նոր կարգը, որով նախատեսվում է մյուս տարվանից 9-րդ դասարանի ավարտին բնագիտական առարկաների քննությունների համար սահմանել լաբորատոր փորձի պահանջ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԲՏՃՄ առարկաների բարելավմանն ուղղված տարբեր առաջարկներ, որոնք ներկայացրել են հանդիպմանը ներկա մասնագետները։

  • Կիսվել: