հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քիշնևի քաղաքապետի հետ հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Հայաստանի ու Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին

Քիշնևի քաղաքապետի հետ հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Հայաստանի ու Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին

Մարտի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Քիշնևի (Մոլդովայի Հանրապետություն) քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծեց, որ նմանօրինակ այցելություններն իրենց կարևոր նպաստն են բերում երկու երկրների բարեկամական կապերի առավել ամրապնդմանն ու գործակցության զարգացմանը։ Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ դեռևս վաղ միջնադարից Մոլդովայում կայք հաստատած հայ ժողովրդի զավակները կարողացել են կազմակերպել իրենց ազգային և հոգևոր կյանքը՝ կարևոր ներդրում բերելով երկրի զարգացման գործում: Հայոց Հովվապետը նշեց, որ այսօր էլ Մոլդովայի փոքրաթիվ հայ համայնքը շարունակում է հաջողություններ արձանագրել տարբեր ոլորտներում՝ վայելելով Մոլդովայի իշխանությունների, նաև Քիշնևի քաղաքապետարանի բարյացակամ վերաբերմունքն ու հոգատարությունը։
 
Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Մոլդովայում ստեղծված դարավոր հայ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանը, ներկայում գործող երկու եկեղեցիներին, ինչպեսև Հայոց Եկեղեցու դերակատարությանը հայ ինքնության պահպանման գործում։
 
Իր հերթին քաղաքապետ Իոն Չեբանը Հայոց Հայրապետին տեղեկացրեց Հայաստան այցի նպատակների, ձևավորված գործակցության և Երևանի քաղաքապետարանի հետ նախանշվող ծրագրերի մասին։ Քաղաքապետը գոհունակությամբ հիշատակեց հայկական համայնքի հետ ջերմ հարաբերությունների մասին։
 
Զրույցի ընթացքում խոսվեց նաև տարածաշրջանում առկա լարված իրավիճակի, Հայաստանի ու Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների մասին, խաղաղության և կայունության հաստատման գործում կարևորվեց միջազգային հանրության, ի մասնավորի բարեկամ երկրների զորակցությունը:

  • Կիսվել: