երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Քիչ առաջ ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերեցին 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը

Քիչ առաջ ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերեցին 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը

Այսօր՝ հունիսի 29-ին, ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Որոնողական աշխատանքների արդյունքում ՀՆՓԱԻԿ-ի և Լոռու փրկարարները Դսեղի տարածքով անցնող գետում կասկածելի մարմինը նկատել են, որից հետո օգտագործել են դրոն և համոզվելով, որ այն որոնվող քաղաքացին է, այս պահին արդեն Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտենում է, որպեսզի դին տեղափոխի ափ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հունիսի 28-ին, ՀՀ ՆԳՆ Լոռու մարզի Փամբակ գետի հարևանությամբ տեղադրված շտաբում հերթական խորհրդակցությունն էր անցկացվել, որը վերաբերում էր հունիսի 27-ին ավտովթարի հետևանքով Փամբակ գետն ընկած երկրորդ քաղաքացու ջրահեղձ եղած մարմինը հայտնաբերելուն։

Կայքը հայտնել էր, որ համայնքային ոստիկանները պարզել էին, որ առաջին ջրահեղձ եղած քաղաքացին, ում հայտնաբերել էին, Վանաձորի բնակիչ 30-ամյա Սևակ Մայիլյանն էր, իսկ երեկ որոնվող քաղաքացին Վանաձորի բնակիչ 36-ամյա Տիգրան Կարապետյանն է։ 5-6 ջրասուզակներ Փամբակ գետում, կարելի է ասել՝ վտանգելով իրենց կյանքը շարունակում էին որոնողական աշխատանքները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին թունելի մոտով հոսող Փամբակ գետում դի կա։Ժամանել էին Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և Փամբակ գետում հայտնաբերվել էր դի։ Փրկարարները փորձում էին հատուկ ճոպանի միջոցով մոտենալ մարմնին և այն դուրս բերել ափ։

Գետում հայտնաբերված դիակից մոտ 700 մետր հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերվել էր «Opel» մակնիշի ավտոմեքենա, և ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածի հետ ևս մեկ հոգի էր եղել։

Փրկարարները, պարեկներն ու համայնքային ոստիկանները փորձում էին ավտոմեքենան գետից դուրս բերել, ինչից հետո պարզ կլիներ՝ երկրորդ քաղաքացին ավտոմեքենայո՞ւմ էր, թե՞ ջրահեղձ էր եղել։

  • Կիսվել: