հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Քեռակնոջ հետ կենակցելը ձեզ համար պրոբլեմ չէ, բայց այդ երևույթի բառային ձևակերպումը պրոբլե՞մ է. Պապոյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Քեռակնոջ հետ կենակցելը ձեզ համար պրոբլեմ չէ, բայց այդ երևույթի բառային ձևակերպումը պրոբլե՞մ է. Պապոյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Ճի՞շտ եմ հասկանում, որ քեռակնոջ հետ կենակցելը ձեզ համար պրոբլեմ չէ, բայց այդ երևույթի բառային ձևակերպումը պրոբլեմ է։ Այս մասին այսօր ՔՊ հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե ինչպես է արձագանքում Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց հայտարարություններին, որոնք թիրախավորում են հոգևորականներին։

«Ինձ համար կարևոր է, որ կուսակրոնության ուխտը, որը եկեղեցին իր համար սահմանել և ընդունել է, պահպանված լինի, և դրանով խախտված չլինեն այն կանոնները, որոնք եկեղեցին սահմանել է»,–ասաց նա։

Ըստ Պապոյանի՝ Փաշինյանն այդ հարցի վերաբերյալ բարձրաձայնել է ոչ թե որպես վարչապետ, այլ որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե երկրի ղեկավարն ինչու՞ է հետաքրքրվում, թե ով ում հետ է կենակցում՝ նա ասաց. «Մեզ այդ հարցը շատ հետաքրքրում և հուզում է»:

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ որոշ հոգևորականներ խախտում են կուսակրոնության ուխտը և երեխաներ ունեն, Գևորգ Պապոյանն ասաց.

«Հարցը վարչապետի կողմից այսպես է հնչել՝ այդպե՞ս է, թե այդպես չէ։ Տարբեր եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հարցին այսպես են պատասխանում՝ «այդպիսի հարց չի կարելի տալ»։ Մենք էլ ասում ենք՝ թողնենք մի կողմ ՝ կարելի է նման հարց տալ թե ոչ, պատասխանե՛ք՝ հա կամ չէ։ Նրանք էլ ո՛չ չէ են ասում, ո՛չ հա։ Սա ամրապնդում է այն կարծիքը, որ նրանցից շատերն ունեն երեխաներ»։

Լրագրողի հակադարձմանը՝ «եթե մի օր էլ հոգևորականներից մեկը վարչապետին հարցնի՝ դուք ուրիշ կնոջից երեխաներ ունե՞ք, նա պատասխանելու է այդ հարցին», Պապոյանը պատասխանեց.

«Ձեր հարցը կոռեկտ չի։ Բոլոր հարցերը, որոնք հնարավոր է բարձրաձայնել Նիկոլ Փաշինյանի առաջ, բարձրաձայնվել են, եկեղեցու դեպքում չեն բարձրաձայնվել»։

  • Կիսվել: