Քաջարանը նշում է հիմնադրման 66-ամյակը
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տոն է։ Հայաստանի արդյունաբերական քաղաքը օգոստոսի 18-ին տոնել է 66-ամյակը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաջարանի քաղաքապետարանից, օրը նշանավորվել է մի շարք միջոցառումներով, որոնց մասնակցել են նաև Սյունիքի մարզային իշխանությունները, Սյունիքի համայնքների ղեկավարները, ԱԺ սյունեցի պատգամավորներ, Իրանի հյուպատոսը Սյունիքում, Զանգեզուրի պղնձամոլիբդենահի կոմբինատի (ԶՊՄԿ) ղեկավար կազմը՝ գլխավորությամբ տնօրեն Ռոման Խուդոլիի, և այլ անձինք:
«Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը նախ համայնքապետարանում ընդունեց հյուրերին, ապա պաշտոնյաներն այցելեցին արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիկների հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի համար կյանքը զոհած քաջարանցի հայորդիների հիշատակին։
Բաբիկավան բնակավայրում առաջին անգամ բացվեց մանկական խաղահրապարակ, Քաջարան համայնքի Բակունց և Տերյան փողոցներում՝ ֆուտբոլի դաշտեր։ Այս ամենն իրականություն է դարձել սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համաներդրմամբ և ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ։
Օրվան նվիրված հանդիսավոր նիստում քաջարանցիների տոնը շնորհավորեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, Սյունիքի, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։