Քաղաքային իշխանությունը պետք է ազնիվ գտնվի և ասի, որ ավտոբուսների ձեռքբերման մրցույթը չի կայացել. Խաժակյան
Երևանի զարգացման հնգամյա ծրագրով քաղաքային նոր իշխանությունը հանձն է առել փոխարինելու գազելները, այսինքն՝ պետք է բացառվեն միկրոավտոբուսների շահագործումը և դրանք փոխարինվեն միջին և մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով։ Այս մասին այսօր ասուլիսում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Նրա խոսքով, Երևանի տրանսպորտային համակարգի համար նախագծվել էր ցանց, որի համար վճարվել էր շուրջ 850 հազար եվրո։ Այդ ցանցն ունի որոշակի պարամետրեր։ Մասնավորապես, ըստ նրա, նախատեսվում էր 3 չափի ավտոբուսներ ներկրել Հայաստան։
«Նոր տրանսպորտային համակարգում նախատեսված էր ներկրել 18 մետրանոց ավտոբուս 150 ուղևորով, 12 մետրանոց ավտոբուս՝ 90-100 ուղևորով, 7,5-8,5 մետրանոց ավտոբուս՝ 45-55 ուղևորով։
Վերջին երկու տարիներին այս իշխանությունը մեզ խոստացել է, որ գազելներից պետք է ազատվենք, վերջ մահվան գազելներին, արդեն պետք է ձեռք բերվեն ավտոբուսներ, իսկ ապրիլի 28-ին Մարությանը հայտարարեց ավտոբուսների մրցույթի մասին։ Եթե քաղաքային իշխանությունը հաշվետու է և ասում է, որ հայտարարել է 100 ավտոբուսի մրցույթ, պետք է ազնիվ գտնվի և ասի, որ այդ մրցույթը չի կայացել, հաղթող չկա»,- ասաց Դ.Խաժակյանը։
Անդրադառնալով Հայկ Մարությանի այն հայտարարությանը, թե 100 ավտոբուս պատվիրել են, 100 փոքր չափի ավտոբուս էլ պատրաստվում են պատվիրել, ավագանու անդամը նշեց, որ փոքր չափի ավտոբուսը, բնականաբար, չի հիշեցնում «Գազելը»:
«Խոսքն այն մասին է, որ այսօր բացվելու է այն մրցույթը, որի մասին խոսում է Մարությանը: Ես առանձնացրել եմ այն տեխնիկական բնութագրերը, որոնց պետք է համապատասխանեն այդ ավտոբուսները: Նշվում է, որ դասը պետք է լինի փոքր տեղատարողության՝ նվազագույնը 14 նստատեղ, հաշմանդամության մեկ սայլակի տեղավորմամբ, 4 կանգնած ուղևոր, առավելագույնը 17 նստատեղ, եթե խոսքը մեկ դռնանի տրանսպորտի մասին է: Պարզվում է, որ խոսքը հենց «Գազել»-ի մասին է, որը պատրաստվում է պատվիրել քաղաքային իշխանությունը»,- ընդգծեց Դավիթ Խաժակյանը։
Այսպիսով, ըստ նրա, հասարակությանը մեկ-երկու տարի ասում էին՝ նոր ավտոբուս, նոր ցանց, մինչդեռ իշխանությունը գնում է գազելների պատվիրման։
Ըստ նրա, սա նշանակում է, որ այս նոր գազելները փոխարինելու են հին գազելներին. «Ստացվում է, երբ ժամանակին Մարությանն ասում էր փոխելու ենք այդ գազելները, խոսքը գնում էր հին գազելները նորով փոխելու մասին, ինչը տեղի է ունեցել այս տաս տարվա ընթացքում։



