ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քաղաքացին և նրա կինը հիվանդանոցից դուրս են գրվել բուժման ընթացքի տասներորդ օրը, քանի որ չեն ունեցել ախտանշաններ. ԱՆ խոսնակի պարզաբանումը

Քաղաքացին և նրա կինը հիվանդանոցից դուրս են գրվել բուժման ընթացքի տասներորդ օրը, քանի որ չեն ունեցել ախտանշաններ. ԱՆ խոսնակի պարզաբանումը

Նախօրեին Hetq.am կայքում «Չթեստավորված կամ թեստավորման դրական արդյունքով դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք» վերնագրով հոդված էր հրապաչակվել, որում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականն է, Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Բաբաջանյանը ներկայացրել էր կորոնավիրուսով հիվանդանալու, 10 օր հոսպիտալացված լինելու և բուժումը կիսատ թողած տուն տեղափոխվելու մասին:

Հրապարակման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պարզաբանում է տարածե, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ինչպես երեկ խոստացել էի, հրապարակում եմ «Չթեստավորված կամ թեստավորման դրական արդյունքով դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք» վերնագրով Hetq.am-ի հոդվածի վերաբերյալ պարզաբանումը կամ այսպես ասած «պատմության երկրորդ կողմը»։

Ինքս դեմ եմ մարդկանց բժշկական հարցերին առնչվող տեղեկություններ տարածելուն, բայց հոդվածն ամբողջովին գցում է հիվանդանոցի համբավը, որտեղ բուժում է ստացել պացիենտը։

Պարոն Բաբաջանյանը և իր կինը մայսիի 14-ին ընդունվել են «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ։ Բաբաջանյանն ընդունվել է բարձր ջերմությունով՝ 38.5C˚:

Ընդունման օրը պացիենտներին զննել են ինչպես հերթապահ բժիշկը, այնպես էլ թոքաբանը և նույն օրը երկուսին էլ կատարվել է կրծքավանդակի ռենտգեն- հետազոտություն, և երկուսի մոտ էլ ախտորոշվել է երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, նշանակվել է համապատասխան բուժում:

Բուժումը մշտապես հսկվել է համապատասխան մասնագետների՝ թոքաբանի, սրտաբանի կողմից, կատարվել են ստուգիչ ռենտգեն-հետազոտություններ մեկ շաբաթ հետո: Բուժումը ընթացել է հարթ:

Պացիենտի պնդումները, որ իրեն չեն այցելել բժիշկներ և այլ բուժաշխատողներ, անհիմն են, ինչպես բոլոր պացիենտները, նրանք նույնպես ստացել են համապատասխան բուժում և բուժօգնություն: Պացիենտը պահանջել է, որ իրեն և կնոջը ցուցաբերեն անհատական մոտեցում և բժիշկները կամ բուժքույրերը շատ երկար մնան հիվանդասենյակում, որը ճիշտ չէ համաճարակաբանական տեսանկյունից, ինչպես նաև տուժելու էին մյուս պացիենտները:

Ավելին, Արամ Բաբաջանյանը պահանջել է արտոնյալ պայմաններ՝ պահանջելով, որ իրեն այցելի թոքաբանության պրոֆեսոր, կասկածի տակ դնելով հիվանդանոցի աշխատակիցների մասնագիտական գիտելիքները։

Վերջիններս հիվանդանոցից դուրս են գրվել բուժման ընթացքի տասներորդ օրը մայիսի 24-ին, քանի որ չեն ունեցել ախտանշաններ։

Կենտրոնի կողմից ցուցաբերած բուժօգնության բարձր մակարդակի մասին վկայում է այն փաստը, որ առ այսօր այնտեղ բուժվել և բուժվում են թվով 584 COVID-19 դրական պացիենտներ, որոնցից 90-ն անցել են վերակենդանացման բաժանմունքով՝ եղել են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում»:

  • Կիսվել: