չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Ճարպակալման կանխարգելում․ ԱՆ-ն ներկայացրել է առողջ ապրելակերպի պարզ քայլեր

Ճարպակալման կանխարգելում․ ԱՆ-ն ներկայացրել է առողջ ապրելակերպի պարզ քայլեր

Ճարպակալումը մեծացնում է բազմաթիվ ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման վտանգը և կարող է ազդել կյանքի տևողության ու որակի վրա։ Ճարպակալումը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության, հենաշարժական համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, քնի խանգարումների և այլ առողջական խնդիրների զարգացման հավանականությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ինչպե՞ս կանխարգելել ճարպակալումը

Նույնիսկ մարմնի քաշի 5-10%-ով նվազեցումը կարող է զգալիորեն բարելավել առողջական վիճակը և կանխել բազմաթիվ հիվանդությունների զարգացման վտանգը։

Ավելի շատ շարժվեք

  • Եղեք ֆիզիկապես ակտիվ ամեն օր։
  • Շաբաթվա ընթացքում առնվազն 150 րոպե պահպանեք չափավոր ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն (օրինակ՝ արագ քայլք, հեծանիվ վարել, լող)։
  • Եթե երկար ժամանակ նստած եք, յուրաքանչյուր 30–60 րոպեն մեկ կանգնեք և մի քանի րոպե շարժվեք։
  • Հնարավորության դեպքում աշխատանքի կամ դպրոց գնացեք ոտքով կամ հեծանվով։
  • Վերելակի փոխարեն օգտվեք աստիճաններից։
  • Ավելի հաճախ զբոսնեք և զբաղվեք ակտիվ խաղերով ընտանիքի կամ ընկերների հետ։
  • Ընտրեք այնպիսի ֆիզիկական ակտիվություն, որը ձեզ հաճույք է պատճառում և համապատասխանում է ձեր առողջական վիճակին։

Սնվեք առողջ

  • Ամեն օր օգտագործեք բավարար քանակությամբ բանջարեղեն և մրգեր։
  • Նախընտրեք ամբողջահատիկ սննդամթերք, լոբազգիներ, ընկույզներ, սերմեր և ձուկ։
  • Սահմանափակեք քաղցրավենիքի, հրուշակեղենի, արագ սննդի, վերամշակված մսամթերքի, ճարպոտ և տապակած սննդի օգտագործումը։
  • Նվազեցրեք աղի, ավելացված շաքարի, հագեցած և տրանսճարպերի օգտագործումը։
  • Շաքար պարունակող ըմպելիքների փոխարեն նախընտրեք սովորական ջուր։

Ընտրեք առողջ կենսակերպ

  • Մի ծխեք և խուսափեք պասիվ ծխելուց։
  • Խուսափեք ալկոհոլի օգտագործումից։
  • Քնեք բավարար ժամանակ և պահպանեք կանոնավոր քնի ռեժիմ։

Խորհուրդներ երեխաների և հղիների համար

  • Հղիության ընթացքում հետևեք բժշկի խորհուրդներին՝ առողջ սնվելու, ֆիզիկական ակտիվության և քաշը վերահսկելու վերաբերյալ։
  • Կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում երեխային բացառապես կրծքով կերակրեք, այն նպաստում է նրա առողջ աճին և զարգացմանը։
  • Երեխաների մոտ վաղ տարիքից ձևավորեք առողջ սնվելու և կանոնավոր ֆիզիկական ակտիվության սովորություններ՝ անկախ նրանց մարմնի քաշից։

Փոքր, բայց հետևողական փոփոխությունները կարող են զգալիորեն բարելավել առողջությունը և նվազեցնել բազմաթիվ հիվանդությունների զարգացման վտանգը։

  • Կիսվել: