երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՓԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը Բուխարեստում է․ քննարկվում են աղետների և արտակարգ իրավիճակների արձագանքման կարողություններին վերաբերող հարցեր

ՓԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը Բուխարեստում է․ քննարկվում են աղետների և արտակարգ իրավիճակների արձագանքման կարողություններին վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 13-15-ը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում անց է կացվում Համաշխարհային բանկի և Ռումինիայի արտակարգ իրավիճակների գլխավոր տեսչության կողմից կազմակերպած «Գիտելիքի փոխանակում՝ աղետների և արտակարգ իրավիճակների արձագանքման կարողություններ» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցում է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը։
 
Հայաստանյան պատվիրակության կազմում միջոցառմանը մասնակցել են նաև ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը, ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության և ֆիսկալ ռիսկերի կառավարման ոլորտի աշխատակիցներ։
 
Տարածաշրջանային միջոցառմանը ներգրավված են ներկայացուցիչներ վեց երկրից՝ Հայաստանից, Խորվաթիայից, Վրաստանից, Մոլդովայից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։
 
Միջոցառումը համախմբել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների հիմնական շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ փրկարար ծառայության և ֆինանսական կազմակերպություններից, ներկայացնելու Ռումինիայի փորձը սեյսմիկ անվտանգության և աղետներին դիմակայունության բարելավման, էներգաարդյունավետության և արտակարգ իրավիճակների արձագանքման կարևոր օբյեկտների արդիականացման գործում։
 
Աշխատաժողովի հիմնական նպատակը մասնակից երկրների միջև արտակարգ իրավիճակներին պատրաստության և արձագանքման ոլորտում գաղափարների և գիտելիքների փոխանակման համար դինամիկ հարթակի ստեղծումն է։
 
Այցի շրջանակներում ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենը հանդիպումներ ունեցավ Ռումինիայի արտակարգ իրավիճակների գլխավոր տեսչության փոխտնօրեն, գեներալ-մայոր Բենոն Գաբրիել Դուդուկի հետ, ինչպես նաև եղավ արտակարգ իրավիճակների կառավարման ուսումնական կենտրոնում և Միզիլում գտնվող նորակառույց հրշեջ-կայանում, ծանոթացավ աղետների կառավարման և արձագանքման կարողություններին, տեխնիկական և գույքային հագեցվածությանը։
 

  • Կիսվել: