Փորձը ցույց է տալիս, որ մեծ բռնկում կարող է լինել արտադրական կոլեկտիվներում. Թորոսյան
Հունիսի 3-ի դրությամբ ունեցել ենք մինչ օրս կորոնավիրուսով վարակված ամենամեծ թիվը՝ 697 նոր դեպք, արդյունքում, ընդհանուր դեպքերի թիվը հատել է 11 հազարի շեմը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը հասնում է 391-ի, ծայրահող ծանր՝ 59, իսկ թոքերի օդափոխության սարքերին միացված է 15 հոգի:
«Նաև կա մի վտանգավոր տենդենց, որ նորից դեպքեր ենք ունենում տարբեր արտադրական կոլեկտիվներում: Փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է մեծ բռնկում լինի: Փաստացի մարտի սկզբին արձանագրված օջախներից մեկի պատճառով էր, որ վարակը շատ արագ տարածվեց երկրում, այն ևս արտադրամասից էր: Հիմա կարող ենք նմանատիպ սցենար ունենալ: Դրա համար կարևոր է, որ արտադրական ձեռնարկություններում բոլոր կանոնները պահպանվեն»,- նշեց Արսեն Թորոսյանը։
Նախարարը նաև ասաց, որ լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների իրավիճակը:
Մասնավորապես, ըստ նրա, այս արձանագրված դեպքերի մոտ 15-20 տոկոսը հոսպիտալիզացիայի կարիք են ունենում, մյուսները մնում են տանը՝ ԱԱՊ-ի հսկողության տակ:
«Մենք ամենօրյա ռեժիմով պացիենտներին տեղավորում ենք մահճակալներին: Կարևոր է, որ թվերի էական անկում լինի, որպեսզի որևէ մեկին չթողնենք առանց բուժօգնության և այդպես էլ շարունակենք: Հակառակ դեպքում այդ ամենն ապահովելը շատ բարդ է լինելու»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը։



