երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հարգանքի տուրք են մատուցում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հարգանքի տուրք են մատուցում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Ազգային ժողովի բակում, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք են մատուցում «Հոկտեմբերի 27»–ի զոհերի հիշատակին։

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրանում է Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկի՝ 1999 թվականի խորհրդարանական ահաբեկչության 27-րդ տարելիցը։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, երբ խորհրդարանում ընթանում էր կառավարության հետ հարցուպատասխանը, Նաիրի Հունանյանի գլխավորած զինված խմբավորումը ներխուժեց ԱԺ նիստերի դահլիճ և կրակ բացեց։

Ահաբեկչության հետևանքով գլխատվեց երկրի իշխանությունը. սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Կրակոցների հետևանքով ևս ութ մարդ վիրավորվեց։

Զինված խմբավորումը մինչև հաջորդ առավոտ պատանդի կարգավիճակում պահեց խորհրդարանի պատգամավորներին և կառավարության անդամներին։ Եւ միայն հոկտեմբերի 28-ին՝ բանակցություններից հետո, հարձակվողները հանձնվեցին իրավապահ մարմիններին։

Տևական ժամանակ ընթացավ նախաքննություն, այդ ընթացքում եղան բազմաթիվ ձերբակալություններ, եղան մեղադրյալներ, որոնց մի մասի կարգավիճակը, սակայն, հետո փոխվեց և որպես վկա ազատ արձակվեցին։

2003 թվականի դեկտեմբերին դատարանը Նաիրի Հունանյանին և նրա խմբի հինգ անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման։

Չնայած անցած 27 տարիներին՝ գործի մի շարք հանգամանքներ շարունակում են մնալ հանրային քննարկումների առարկա։ Զոհերի հարազատները և հասարակության տարբեր ներկայացուցիչներ պնդում են, որ հանցագործության հնարավոր պատվիրատուների և կազմակերպիչների հարցերը լիարժեք պատասխան չեն ստացել։ Գործից անջատված մասով քննությունը շարունակվում է, սակայն այդ մասով մինչ օրս մեղադրյալներ չկան, թեև՝ ընթանում է նախաքննություն։

  • Կիսվել: