չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փորձագետներն ու գիտնականները կքննարկեն կլիմայի փոփոխությունը և գալիք սերնդի վրա դրա ազդեցությունները

Փորձագետներն ու գիտնականները կքննարկեն կլիմայի փոփոխությունը և գալիք սերնդի վրա դրա ազդեցությունները

ԵՊՀ-ում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և երեխաները. ազդեցություն, իրավունքներ և մասնակցություն» խորագրով միջազգային գիտաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարդու իրավունքների գլոբալ կամպուսի, Բարձր կենսակերպի հիմնադրամի, «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի հայաստանյան գրասենյակի, Ավստրիայի զարգացման գործակալության, «ShareMusic and Performing Arts» և Հայաստանի փոքր թատրոնի հետ կազմակերպված գիտաժողովն իրականացվում է Մարդու իրավունքների գլոբալ կամպուսի և ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի շրջանակում:

Գիտաժողովի նպատակն է մեկ հարթակում համախմբել փորձագետներին և գիտնականներին՝ միջազգային գիտական ձևաչափով քննարկելու կլիմայի փոփոխության ու գալիք սերնդի վրա ազդեցությունները:

«Առաջնահերթ և կարևոր եմ համարում կլիմայի փոփոխության ու երեխաների վրա դրա ազդեցության վերաբերյալ քննարկումները: Մենք պետք է փոխանակենք այն գիտելիքն ու փորձառությունը, որ կուտակում ենք տարբեր ծրագրերի շրջանակներում: Անհրաժեշտ է, որ կարողանանք ավելի լավ լուծումներ գտնենք, որպեսզի մոլորակը պահպանենք»,- նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն էլ նշեց՝ ուրախ է, որ ԵՊՀ-ն մասնակից է նման ծրագրին, ինչպես նաև այդ գիտաժողովի կազմակերպիչներից է:

«Ես կարծում եմ, որ դա իսկապես լավ ներդրված գումար է, քանի որ մենք աշխատում ենք նույն նպատակի: Մենք պետք է հիբրիդային ֆորմատով գիտաժողովներ կազմակերպենք, այսօր էլ հարմար առիթ է դրա համար: Կլիմայի փոփոխությունն, իրոք, կարող է վտանգ առաջացնել շրջակա միջավայրի բարձր աղտոտման առումով»,- նշեց Վիկտորինը:

 

 

  • Կիսվել: