երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին:

Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել Հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջության, կրթության ու կյանքի պայմանների բարելավմանն առնչվող խնդիրների լուծման գործում:

Անդրադառնալով կրթական միջավայրի շարունակական բարելավման անհրաժեշտությանը՝ փոխվարչապետը ներկայացրել է նախադպրոցական եւ դպրոցական հաստատությունների կառուցման և հիմնանորոգման, ինչպես նաև գործող կրթական հաստատությունների վերազինման ընթացիկ և նախատեսվող աշխատանքները՝ կարևորելով Հիմնադրամի հետ համագործակցությունը կրթական ծառայությունների որակի շարունակական բարելավման ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երեխաների իրավունքներին առնչվող ներկայումս ընթացող օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ՝ ընդգծելով դրանց մշակման աշխատանքներում ձևավորված համագործակցության կարևորությունը։

Փոխվարչապետ Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակման արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ հատուկ անդրադառնալով դրա արդյունքում այնտեղ ապրող շուրջ 30,000 երեխաների համար ստեղծված ծանրագույն հետեւանքներին: Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է կազմակերպության՝ Լեռային Ղարաբաղում առավել գործուն ներգրավվածության ունենալու կարևորությունը՝ իր մանդատին և առաքելությանը համապատասխան բոլոր երեխաների իրավունքները պաշտպանելու և առավել խոցելի իրավիճակում հայտնված երեխաների համար հատուկ պաշտպանություն ապահովելու նպատակով:

Քրիստին Վայգանդն, իր հերթին, բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ երեխաների իրավունքների ամրապնդմանը միտված արդյունավետ համագործակցությունը՝ վստահություն հայտնելով դրա շարունակականության վերաբերյալ՝ երկկողմ գործակցության առաջնահերթություններին և գերակայություններին համապատասխան:

 

  • Կիսվել: