ՊՆ նախկին շենքի բնակիչներին արգելել են երկրորդ վրանը տեղադրել, խնդիրները շատացել են, հիվանդ երեխաների թիվը՝ մեծացել. պատգամավոր
Դեռ երկու օր առաջ ոստիկանների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ՊՆ նախկին շենքում ապաստան գտած քաղաքացիներին, որոնց դուրս են հանել շենքից, թույլ տրվի շենքի մոտ երկու վրան տեղադրել երեխաների ու կանանց համար: Այս մասին այսօր ՊՆ նախկին շենքի մոտից ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մի վրանը գիշերը հասցրին տեղադրել, իսկ մյուս վրանը չհասցրեցին տեղադրել, կիսատ մնաց: Վրաններից մեկը նախատեսված էր մանկահասակ երեխաների, կանանց, կերակրող մայրերի համար, իսկ մյուս վրանը մյուսների համար:
Ոստիկանությունը հաջորդ օրը հրաժարվեց երկրորդ վրանը տեղադրել՝ պատճառաբանելով, որ պետք չի վրան տեղադրել, դա կհանգեցնի նրան, որ մարդիկ այստեղ երկար կմնան: Հիմա նորից եկել ենք այստեղ, վիճակը շատ մտահոգիչ է, մեղմ ասած: Այն խնդիրները, որ կային, ավելի են շատացել, հիվանդ երեխաների թիվն է ավելացել՛՛:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ-ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, ՊՆ նախկին շենքում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Հավելենք, որ ՊՆ նախկին շենքը 2008 թվականից դադարել է ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը, սակայն բնակիչները չեն ցանկանում լքել շենքի տարածքը, քանի որ ասում են, որ գնալու տեղ չունեն:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում այդ շենքում բնակվող քաղաքացիների ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ։


