շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Պիտի տեղադրվի»-ն կլինի այն ժամանակ, երբ լինի նախագիծը․ ԿԳՄՍ նախարարը՝ Հիսուսի արձանը Հատիս լեռան վրա տեղադրելու մասին

«Պիտի տեղադրվի»-ն կլինի այն ժամանակ, երբ լինի նախագիծը․ ԿԳՄՍ նախարարը՝ Հիսուսի արձանը Հատիս լեռան վրա տեղադրելու մասին

Այս պահին արձանի վերաբերյալ նախագիծ չկա։ Ցանկացած քաղաքաշինական հարցով, եթե կա մտահոգություն, որ կարող է կարգին կամ օրենսդրությանը դեմ գործընթաց գնալ, լիազոր մարմինը պահանջում է խստորեն պահպանել կարգը և հետևել օրենսդրության պահանջներին։ Եթե չհետևեն, սահմանված կարգով համապատասխան դիմումներ կլինեն, և պատկան մարմինը կզբաղվի իր գործով:Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցմանը:

Դումանյանը անդրադարձավ արձանի տեղադրման վերաբերյալ ԿԳՄՍ նախարարության տարածած հայտարարությանը, որով նախարարությունը հորդորել է որոշ ժամանակով դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիս հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։ Դումանյանը նշեց, թե ինչո՞ւ է նախարարությունը տեքստից հեռացրել այն հատվածը, որտեղ նշված էր՝ «Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից»:

«Համապատասխան հայտարարությունը կա մեր ֆեյսբուքյան էջում։ Պարզապես դուրս է հանվել տեքստից այն, որը ծանրաբեռնել էր տեքստը։ Եկեք փնտրեք այնտեղ, որտեղ կորցրել ենք, այլ ոչ թե այնտեղ, որտեղ լույս կա: Դուք ֆիքսվել եք մի դրվագի վրա, որը կարեւոր չէ: Այն հայտարարությունը, որը տեղադրված է այսօր, նույնն է: Նախորդ օրը, եթե դուք ինչ-որ բան եք նկատել, տեխնիկական խնդիր է եղել: Կառավարության նիստին նշվել է, որ մեր դիրքորոշումը դրական է, եւ հետագա գործընթացը պետք է լինի գործող կարգին համապատասխան: Ի՞նչ եք կարծում՝ Կառավարությունը լրատվամիջո՞ց է: Մեզ հայտնի է, որ գաղափարը Հիսուսի արձանը Հատիսի վրա տեղադրելն է: Որ օրը եղավ հաստատված նախագիծը, այդ պահից էլ կարող ենք ասել, որ տեղադրվում է»,- նշեց նա:

Դումանյանը շեշտեց՝ ոչ ոք չի ասում, որ արձանը «պիտի տեղադրվի»:

«Մեզ հայտնի է, որ գաղափարն է այդպիսին, «պիտի տեղադրվին» կլինի այն ժամանակ, երբ որ կլինի սահմանված կարգով հաստատված նախագիծ»: Այս պահին այդ հաստատված նախագիծը չկա»,- ասաց նա:

  • Կիսվել: