շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փետրվարի մեկից կփոխվեն հաշմանդամության խումբ սահմանելու չափորոշիչները․ ԲՍՓ հանձնաժողովների կազմը կընդլայնվի

Փետրվարի մեկից կփոխվեն հաշմանդամության խումբ սահմանելու չափորոշիչները․ ԲՍՓ հանձնաժողովների կազմը կընդլայնվի

Փետրվարի մեկից կփոխվի քաղաքացիներին հաշմանդամության խումբ որոշելու կարգը: Հաշմանդամության խումբ սահմանելու համար ներկայում բժիշկները հիմնվում են հիվանդության նկարագրի, փաստաթղթերի ու տեղում արտաքին զննության վրա։ Փետրվարի մեկից առաջին անգամ բժշկասոցիալական հանձնաժողովներ դիմած քաղաքացիների դեպքում հաշմանդամության խումբ որոշելու մոդելը կփոխվի։ Այսինքն բժշկական մոդելից անցումը սոցիալականի նախատեսում է, որ առաջին անգամ հանձնաժողովին դիմած քաղաքացին դիմումի հետ միասին պետք է ներկայացնի նաև ինքնագնահատման թերթիկը, որը նախկինում չի պահանջվել:

«Այդ ինքնագնահատման թերթիկը նոր տարբերակ է, որն ինձ թվում է փորձաքննությանը շատ ավելի լրացուցիչ օգնության, կողմնորոշման միջոց է լինելու, որովհետև այդտեղ անձն ինքն է արդեն նշում իր կարողությունները, սահմանափակումները՝ ի՞նչ չի կարող անել, ի՞նչն է երբեմն դժվարությամբ անում կամ ընդհանրապես չի կարողանում անել»,- պարզաբանում է թիվ 4 ԲՍՓ աջակցող ապահովման միջոցների բաժնի փորձագետ Լիլիա Մանուկյանը։

Նոր մոդելի ներդրմամբ կփոխվի նաև հանձնաժողովին հիվանդությունը հավաստող փաստաթղթերի ներկայացման կարգը: Դրանք հասանելի կդառնան օն լայն եղանակով, պոլիկլինիկաներից տրամադրվող 88 ձևի փաստաթղթի անհրաժեշտություն այլևս չի լինի: Իսկ դիմումատուի փաստաթղթերի փաթեթը կկազմի հատուկ մասնագետը։

Ըստ այդմ, բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովի կազմն է ընդլայնվում: Թերապևտին, վիրաբույժին ու նյարդաբանին այսուհետ կմիանան նաև նեղ մասնագետներ, որոնք տեղում կհետազոտեն քաղաքացիներին ու կգնահատեն նրանց ֆունկցիոնալության աստիճանները:

Ամենակարևոր փոփոխությունը, որ կատարվել է, վերաբերում է հաշմանդամության խմբերի որոշմանը: Ներկայում գործող առաջին, երկրորդ և երրորդ խմբերի փոխարեն փետրվարի 1-ից առաջին անգամ կսահմանվեն նոր կարգավորումներ:

«Նոր մոդելի պարագայում մենք ունենալու ենք միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ, որոնք որ ամբողջ մոդելի տրամաբանությունն են։ Դա ենթադրում է, որ անձի ֆունկցիոնալությունը պետք է գնահատվի՝ հաշվի առնելով ոչ միայն բժշկական և առողջապահական խնդիրները, այլ նաև մասնակցությունն ու ակտիվությունը միջավայրում։ Խնդիրը դիտարկվում է այսպես՝ անձը այո՛, ունի առողջական խնդիրներ, բայց այնուամենայնիվ, այդ խնդիրը դիտարկվում է նաև անձից դուրս։ Օրինակ, սայլակով տեղաշարժվող մարդկանց դեպքում, թե որքանով է միջավայրը հարմարեցված իր տեղաշարժի համար»,- պարզաբանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը։

Աղբյուրը՝ shantnews.am:

 

  • Կիսվել: